Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը պահանջում է հրապարակել ստորագրված փաստաթուղթը


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, որի ներկայացուցիչներն այսօր բազմաթիվ համակիրների հետ միասին Հյուսիսային պողոտայից երթով հասան Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքով, պահանջում է հրապարակել երկու օր առաջ ստորագրված հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող փաստաթուղթը:


«Պահանջում ենք, որ իշխանությունները անհապաղ հրապարակեն այդ փաստաթուղթը», - երթի ընթացքում «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զուրաբյանը:

Երթի մասնակիցները հնչեցնում էին նաեւ քաղաքական կոչեր՝ «Լեւոն՝ նախագահ», «Ազատ, անկախ Հայաստան»:

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այսօր հարկ չկար քաղաքական կոչեր հնչեցնել:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարության կապացությամբ Դեմիրճյանն ասաց. - «Մտահոգիչ է, որ այս հայտարարությամբ կարող է կասեցվել ճանաչման գործընթացը… Կողմ ենք հայ-թուրքական սահմանի բացմանը, հարաբերությունների նորմալացմանը, բայց, իհարկե, ոչ ի հաշիվ մեր ազգային արժանապատվության: Ճանապարհային քարտեզի մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ իմանանք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ գործողությունների ծրագիրը»:

ՀԱԿ-ին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում որոշ գնահատականներ հնչեցրեց հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ:

Նրա խոսքով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ դիվանագիտական հարաբերություններ սկսելը այլընտրանք չունի: Սակայն, ինքը մտահոգություններ ունի ստորագրված փաստաթղթի վերաբերյալ. - «Շատ կուզենայի, որ փաստաթղթում իսկապես բացառվեին նախապայմանները»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի՝ Wall Street Journal-ի հետ հարցազրույցում հնչեցրածին, թե նախկինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսում էր հիմնականում տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, իսկ Մոսկվա կատարած այցի ընթացքում խոսել է նաեւ ինքնորոշման սկզբունքի մասին:

«Ըստ Սերժ Սարգսյանի, ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ… Ալիեւը չի ընդունել ինքնորոշման սկզբունքը եւ պահպանել է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը: Այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանը ու Վարդան Օսկանյանը ի՞նչ էին բանակցում: Իհարկե, դա այդպես չէ», - ասաց Արամ Սարգսյանը: - «Եթե Ալիեւը իսկապես որոշակի զիջումների է գնացել, դա ոչ թե պետք է բարձրաձայնվի, այլ պիտի հնարավորությունները ընդլայնվեն, որ նա հնարավորություն ունենա այդ թեմայով էլ ավելի խորանալու»:

Ադրբեջանական կողմի արձագանքը Հայաստանի նախագահի ասածին չուշացավ. Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը հայտարարեց, որ համաշխարհային հանրությունը տարածքային ամբողջականության սկզբունքը ընդունել է որպես հիմք՝ հայ-ադրբեջանական կարգավորման կոնտեքստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG