Մատչելիության հղումներ

Հարգանքի տուրք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին


Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր Մեծ Եղեռնի զոհերի հիշատակության օրվա առիթով վաղ առավոտից այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, բարձրաստիճան պաշտոնյաների եւ հոգեւորականների ուղեկցությամբ ծաղկեպսակներ դրեցին անմար կրակի մոտ, ապա անմար կրակի մոտ կատարվեց հոգեհանգստյան արարողություն Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար։

«94 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրվեց ու իրականացվեց Հայոց ցեղասպանությունը: Մեր ժողովրդի մի հսկայական հատվածը սառնասրտորեն ոչնչացվեց: Եվ այսօր Մեծ եղեռնը վերապրածների, նրանց ժառանգների ու ողջ հայության համար ցեղասպանությունը ոչ միայն անցյալի իրողություն է, այլեւ ներկայի ու ճակատագրի անքակտելի մաս», - ասված է, մասնավորապես, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում:

«Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն ո՛չ ժողովուրդների հիշողության մեջ, ո՛չ էլ պատմության դատարանի առաջ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է», - ընդգծել է նախագահը իր ուղերձում` հավելելով. - «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ եւ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը մեր երկկողմ հարաբերությունների հաստատման նախապայման չէ»:

Մեծ Եղեռնի կապակցությամբ ուղերձ են հղել նաեւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվեց Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Վաղ առավոտից Ղարաբաղի բարձրաստիճան ղեկավարությունը, քաղաքացիները այցելում են Ստեփանակերտի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ուղերձ է հղել, որում վստահություն է հայտնում, որ «ողջ աշխարհի մարդկությունը կճանաչի հայ ժողովրդի դեմ իրականացված եղեռնի փաստը, եւ վերջնականապես կվերականգնվի պատմական արդարությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG