Մատչելիության հղումներ

«Սահմանը փակ է ոչ թե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, այլ՝ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի», - պնդում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը եւ կոչ անում Արեւմտյան Հայաստանը երբեք չանվանել «Թուրքիայի արեւելյան շրջաններ»:

Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ ուսումնասիրում է Արևելյան Անատոլիայի տարածքում դեռ պահպանված հայկական հուշարձանները, որոնք այդ բնակավայրերում նույնքան խիտ են, որքան Հայաստանի Հանրապետությունում: Մասնագետը բացատրում է, սակայն, որ ի տարբերություն, ասենք, 30 տարի առաջ կատարված լուսանկարների, հուշարձաններից շատերն այսօր կամ խիստ վնասված են կամ ընդհանրապես ոչնչացված:

Հատկապես մեծ վնաս են կրել պաշտամունքային կառույցները, փոխարենը ավելի լավ են պահպանվել հայերի կառուցած կամուրջներն ու աղբյուրները, բայց ջնջվել են դրանց վրայի հայկական արձանագրությունները:

Սամվել Կարապետյանի համոզմամբ, հայկական հուշարձանների նկատմամբ թուրքական իշխանությունների վերաբերմունքը կտրուկ փոխվեց դեպի Եվրոպա ճանապարհ հարթելու առթիվ. - «Նրանք սկսեցին վերականգնել իրենց իսկ վնասած հուշարձանները, որպեսզի ցույց տան բոլոր մշակույթների նկատմամբ իրենց կեցվածքը, սակայն իրականում սկսեցին վարել այլափոխման քաղաքականություն»:

Այդուհանդերձ, Սամվել Կարապետյանը գոհ է, օրինակ, Աղթամարի սբ. Խաչ եկեղեցու վերակագնման աշխատանքներից, որոնք ավարտվել են սոսկ «մասնակի թերություններով»: Ըստ նրա` գերադասելի է անգամ, երբ եկեղեցին մզկիթի են վերածում ու պահպանում, բայց ոչ ոչնչացնում:

«Թուրքիայի ամբողջականության ճանաչումը հայերի ամենամեծ հայրենադավ քայլը կլինի», - կարծում է Սամվել Կարապետյանն ու ավելացնում, որ «Թուրքիան որեւէ պարտավորություն չունի, մենք ունենք պարտք, որի գիտակցմամբ պիտի կարողանանք նրանց թելադրել պարտավորություններ»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG