Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը հանդիպեց Դմիտրի Մեդվեդեւի հետ


Դմիտրի Մեդվեդեւը ողջունում է Սերժ Սարգսյանին, Զավիդովո, 23 ապրիլի, 2009

Դմիտրի Մեդվեդեւը ողջունում է Սերժ Սարգսյանին, Զավիդովո, 23 ապրիլի, 2009

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Ռուսաստանի նախագահի մերձմոսկովյան նստավայրում` Զավիդովոյում, աշխատանքային հանդիպում ունեցավ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հանդիպումը տեւեց երկու ժամից ավելի` նախատեսվածից շատ ավելի երկար:

Հանդիպումը տեւեց երկու ժամից ավելի` նախատեսվածից շատ ավելի երկար: Օրակարգում, հիմնականում, Ղարաբաղյան խնդիրն էր, հակաճգնաժամային ծրագրերը, Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք օգնությունը, քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ:

Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել, եւ փաստաթղթի ստորագրում նախատեսված էլ չէր: Հանդիպումից հետո նախագահները հայտարարություն չարեցին, ընդամենը պատասխանեցին լրագրողների երկու հարցի:

Առաջին հարցը վերաբերում էր Ղարաբաղյան կարգավորմանը, եւ Ռուսաստանի նախագահը ասաց, որ Ղարաբաղի հարցում առաջխաղացում տեսնում է, քանի որ կողմերը գնում են դեպի առաջխաղացում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի ժամանակ հնչած հայտարարություններին: Մասնավորապես, նա ասաց, որ ուրախ է, որ Ռուսաստանի նախագահը այդ հանդիպումներից հետո եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի միայն բոլոր միջազգային նորմերի շրջանակներում: Սերժ Սարգսյանի խոսքերով` նույնն է ասել նաեւ Իլհամ Ալիեւը, եւ ինքը Ալիեւի այդ հայտարարության մեջ տեսնում է որոշ առաջխաղացում:

Հայաստանի նախագահն ընդգծեց, որ նախկինում Իլհամ Ալիեւը մեծամասամբ խոսում էր միայն տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, իսկ Մոսկվա կատարած այցի ընթացքում նա խոսել է բոլոր միջազգային սկզբունքների մասին, այդ թվում նաեւ ի նկատի ունենալով ազգերի ինքնորոշման իրավունքը:

Մոսկվա այցի ժամանակ «Վեստի» հեռուստածրագրին տված հարցազրույցում Ալիեւը, մասնավորապես, ասել էր, որ «միակողմանի լուծում Ղարաբաղյան խնդիրը չունի»:

Այսօրվա հանդիպման սկզբում Դմիտրի Մեդվեդեւը նշեց, որ սա Հայաստանի նախագահի հետ արդեն երկրորդ հանդիպումն է այս տարվա ընթացքում: Սերժ Սարգսյանը, իր հերթին, ընդգծեց, որ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները անցած տարի հանդիպել են 15 անգամ` տարբեր ֆորմատներով: Նախագահները խոսեցին հայ - ռուսական ջերմ հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները շարունակվում են:

Ռուսաստանի նախագահը ասաց նաեւ, որ Զավիդովոյում ընդունում է ամենաջերմ, ամենամոտ ընկերներին, մասնավորապես, վերջերս այստեղ էր հյուրընկալել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին եւ Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG