Մատչելիության հղումներ

Ավարտին են մոտենում «Եվրատեսիլ»-ի պատրաստությունները


Ինգա եւ Անուշ Արշակյաններ

Ինգա եւ Անուշ Արշակյաններ

Ապրիլի 25-ին «Եվրատեսիլ»-ի հայ պատվիրակներ Ինգա եւ Անուշ Արշակյանները կմեկնեն Մոսկվա եւ կմնան այնտեղ մինչեւ ելույթը` մայիսի 12-ին նախատեսված կիսաեզրափակիչ համերգը, որի ընթացքում նրանք հանդես կգան 6-րդ համարի ներքո եւ կկատարեն «Ջան-ջան» երգը:

Մոսկվայում նրանք դեռ անելիքներ ունեն՝ շտկելու եւ ավարտին են հասցնելու շոուն, որը հեղինակել է մոսկովյան ոճաբանների Fresh Art եռյակը, որի կազմում են Թբիլիսում ծնված 2 հայեր եւ մեկ ադրբեջանցի: Վերջիններս են ստեղծել նաեւ աղջիկների եվրատեսիլյան կերպարը, որը նրանք անվանում են «ճակատագրական»` մատնանշելով խիստ արտահայտիչ հայացքն ու աչքերը:

Քույրերն իրենց կերպարը համարում են նաեւ ազգային, քանի որ, ըստ նրանց, պահպանվել են Կովկասին բնորոշ արտահայտչականությունն ու որոշ բնութագրիչ տարրեր: Այդպիսիք օգտագործվել են նաեւ շոուի եւ պարի մեջ:

Մինչեւ հիմա Ինգա եւ Անուշ Արշակյանները հասցրել են հայկական «Ջան-ջան»-ը ներկայացնել մի քանի պրոմո համերգների ժամանակ` այդ թվում Փարիզում եւ Ամստերդամում: Համաեվրոպական երգի մրցույթին մասնակցող այլ կատարողների մրցակցությունից չեն վախենում` հավատալով, որ ինքնատիպ ելույթը միշտ ավելի ազդեցիկ տպավորություն է գործում:

Մայիսի 12-ին կայանալիք կիսաեզրափակիչ համերգից հետո օրվա լավագույն 10 կատարումների շարքում հայտնվելու դեպքում միայն Արշակյան քույրերը կկարողանան մասնակցել մայիսի 16-ի եզրափակիչ համերգին:

Վերջինիս ավարտից հետո էլ SMS քվեարկության եւ ժյուրիի որոշման արդյունքում կորոշի «Եվրատեսիլ 2009»-ի հաղթողի անունը:
XS
SM
MD
LG