Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը դատապարտում է ընդդիմության խաղաղ հավաքները խոչընդոտելը


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը այսօր տարածել է հայտարարություն, որով անդրադարձել է վերջին օրերին Հյուսիսային պողոտա քաղաքացիների մուտքն արգելելուն:

Ըստ տարածված հայտարարության՝ «Հյուսիսային պողոտա մուտք գործելն արգելելու միջոցով քաղաքացիների ոչ զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու իրավունքի սահմանափակումը համաչափ չէ սահմանափակմամբ հետապնդվող նպատակներին». - «Նման պայմաններում ակնհայտորեն խախտվում է հավասարակշռությունը խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի եւ այն անձանց իրավունքների պաշտպանության միջեւ, որոնք բնակվում կամ առեւտրային գործունեություն են իրականացնում համապատասխան վայրում։ Այս հավասարակշռությունը պետք է ուղղված լինի բնակիչների համար բնականոն պայմանների, ինչպես նաեւ համապատասխան հասարակական նշանակության օբյեկտների սեփականատերերի կողմից գործունեության իրականացման եւ հավաքների միաժամանակյա անցկացման ապահովմանը։ Հետեւաբար, համապատասխան տնտեսվարող սուբյեկտների կողմից առեւտրային գործունեություն իրականացնելու հանգամանքն ինքնին չի կարող հավաքի անցկացման համար արգելքի հիմք հանդիսանալ»։

«Այս հայտարարությամբ փաստում ենք, որ մարդկանց իրավունքների խախտումներ ենք հայտնաբերել, իսկ սա նշանակում է, որ ոստիկանությունից մենք պարզաբանում եւ պատասխան ենք սպասում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքով, պաշտպանելով Հյուսիսային պողոտայում գործող սեփականատերերի շահերը, ոստիկանները խախտում են բազմաթիվ մարդկանց սահմանադրական իրավունքները:

«Դա տարածվում է ոչ միայն Հյուսիսային պողոտայում, այլեւ Թումանյան փողոցի վրա, Սարյանի արձանի մոտ… Մեկ անգամ եւս համոզվում ենք, որ իրավապահ մարմինները, որպես կանոն, որեւէ դրույթ մեկնաբանելիս, մեկնաբանում են լայնածավալ եւ ի վնաս [մարդու] իրավունքներին», - ասաց Արմեն Հարությունյանը՝ հավելելով, որ ոստիկանության անհամաչափ գործողությունները արմատավորված մի երեւույթ են դարձել մեր երկրի համար:

«Մեր երկրում անկախությունից ի վեր իրավունքների հետ պրոբլեմ ունենք», - շարունակեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: - «Եվ այսօր Հայաստանը անվանել ժողովրդավարական երկիր հնարավոր չէ: Մեր մոտ իրավունքների տեսակետից լուրջ համակարգային խնդիրներ ունենք… Սա դրա դրսեւորումներից մեկն է»:

Հարցին, թե ինչ ուղիներ է տեսնում իրավիճակը շտկելու համար, Արմեն Հարությունյանը արձագանքեց. - «Իր իրավունքների համար առաջին պայքարողը հենց շարքային քաղաքացին է: Մենք բոլորս, եթե մտածում ենք այս հասարակության, այս երկրի ապագային մասին, մենք պետք է հասկանանք, որ իրավունքները չպետք է սահմանափակվեն: Ես՝ որպես օմուդսմեն, իմ մասով եմ գործում, ոստիկանությունը իր մասով պետք է գործի, դատախազությունը իր մասով պետք է գործի… բայց պետք է ամեն մեկի գործունեությունը միտված լինի իրավունքների պաշտպանությանը, իրավունքների երաշխավորությանը»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը Մարդու իրավունքների պաշտպանի տարածած այս հայտարարությունից հետո եւս իրավիճակի փոփոխություն չի ակնկալում:

«Մինչեւ հիմա մենք Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտից որեւէ օգուտ չենք տեսել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Տեսնենք, այս անգամ նրանք ինչ կարող են անել»:

Հյուսիսային պողոտան, մինչդեռ, այսօր եւս փակ էր:
XS
SM
MD
LG