Մատչելիության հղումներ

logo-print

«ճգնաժամի հետեւանքով համաշխարհային պրոլետարիատի առաջնորդը մնաց առանց նոր հագուստի», - գրում է այսօր ռուսաստանյան «Տրուդ» օրաթերթը:

Վլադիմիր Ուլյանով-Լենինի ծննդյան օրվա նախօրեին Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող նրա դամբարանը բացել են այցելուների համար:

Երկու ամիս դամբարանը փակ էր: Մասնագետներն այնտեղ 18 ամսվա պարբերականությամբ պրոֆիլակտիկ աշխատանք են կատարում` զմռսված դին տեղադրում են հատուկ կենսաքիմիական լուծույթով լցված լոգարան:

«Դա բացառիկ տեխնոլոգիա է, դրա շնորհիվ Լենինը եւս հարյուր տարի կպառկի», - «Տրուդ»-ին ասել է դեղաբույսերի գիտահետազոտական համառուսաստանյան ինստիտուտի փոխտնօրեն 3ուրի Դենիսով-3ամպոլսկին:

Լենինին ամեն երեք տարին մեկ նոր կոստյում են տալիս, քանի որ լուծույթի հետ շփումից հագուստը աստիճանաբար քայքայվում եւ տեսքը կորցնում է: Անցած երեք տասնամյակում Իլյիչի հագուստը ճիշտ 30 անգամ են փոխել, սակայն այս անգամ նոր կոստյումի համար փողը չի բավականացրել: Վերջին անգամ հագուստը փոխել են 2003 թվականին:

«Տրուդ»-ը նշում է, որ Լենինի համար նոր կոստյումները կարում են շվեյցարական թանկարժեք կտորից` լյուստրինից: Իլյիչը կենդանության օրոք նախապատվությունը տվել է հենց այդ կտորին: Կոստյումի ձեւն արդիական է, շատ տղամարդիկ այսօր այդպիսի կոստյումներ են հագնում:

«Պետությունը 1992 թվականից սկսած մեզ մի կոպեկ էլ չի տվել: Ծախսերը հոգում ենք «Լենինի դամբարան» հիմնադրամի եւ բարեգործների հատկացրած միջոցների շնորհիվ: Դրան գումարած` ֆինանսական ճգնաժամ է սկսվել: Այս տնտեսական պայմաններում կոստյումը փոխելու մասին խոսք լինել չի կարող», - ասել է Դենիսով-3ամպոլսկին:

Կոմունիստական կայսրության հիմնադիրը ծնվել է 1870 թվականի ապրիլի 22-ին եւ մահացել 1924 թվականի հունվարի 21-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG