Մատչելիության հղումներ

Վկա Ավդալյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն


Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի նկատմամբ դատավարության ժամանակ նախաքննության ընթացքում իր նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ դատարանում հնչեցրած հայտարարության շուրջ ցուցմունքներ տալու համար վկա Ավդալյանը ապրիլի 21-ին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության:

«Մասնավորապես վկան նշել է, թե 2008թ. մարտին, ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի 6-րդ վարչությունում դիմակավորված ոստիկանների կողմից ենթարկվել է ծեծի, եւ իր նախաքննական ցուցմունքները տվել է ծեծի ազդեցության տակ», - ասված է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: - «Նկատի ունենալով, որ վկայի հայտարարությունը վերաբերում է ոստիկանների կողմից քրեորեն հետապնդելի գործողություններ կատարելուն՝ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը ստուգել հայտարարության մեջ մատնանշված հանգամանքները։ Հատուկ քննչական ծառայությունը Գագիկ Ավդալյանին 21.04.09թ. հրավիրել է ՀՔԾ՝ դատարանում հնչեցրած հայտարարությունների շուրջ ցուցմունք տալու համար։

Հաղորդագրությունը նաեւ հիշեցնում է, որ Գագիկ Ավդալյանը նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ 2008 թվականի ամռանը՝ ԶԼՄ-ներին, մասնավորապես «Ազատություն» ռադիոկայանին հայտնելով, թե իր նկատմամբ նախաքննության ընթացքում ոստիկանների կողմից կիրառվել են բռնության մեթոդներ եւ պատրաստակամություն հայտնել այդ մասին ցուցմունք տալ՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝ անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում։

Հաղորդագրությունում ասվում է, որ 2008 թվականի ամռանը Ավդալյանը խուսափել է ներկայանալ ՀՔԾ՝ չնայած տրված երաշխիքներին, եւ պաշտոնական հայտարարություն, ցուցմունք չի տվել ոստիկանության անօրինական գործողությունների վերաբերյալ՝ «այդպիսով զրկելով իրավապահներին իր իսկ հնեչեցրած հայտարարության հավաստիությունը ստուգելու եւ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից»։

«ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ օրենքով սահմանված կարգով, ընթացք են տրվելու նախաքննության կամ դատաքննության ընթացքում դատավարության մասնակիցների նկատմամբ կիրառված քննության խորթ մեթոդների, նրանց դիրքորոշման, ազատ արտահայտվելու իրավունքի վրա անօրինական ներգործության վերաբերյալ ցանկացած հայտարարություն՝ ձեռնարկելով մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցներ», - ասված է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG