Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այց է կատարելու Մոսկվա: Երկու պետությունների ղեկավարների առանձնազրույցը նախատեսված է ապրիլի 23-ին Ռուսաստանի նախագահի առանձնատանը` Բարվիխայում:

Հանդիպման ժամանակ քննարկվելիք հիմնական հարցերից է լինելու Ղարաբաղյան խնդիրը, որը կարեւոր տեղ է գրավել նաեւ անցած ուրբաթ օրը Մոսկվայում կայացած Դմիտրի Մեդվեդեւ - Իլհամ Ալիեւ հանդիպման օրակարգում:

Ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, հայտարարել է, թե «խնդիրը կարգավորելու հեռանկարներ կան, պետք է նախ եւ առաջ հիմնվել միջազգային իրավունքի նորմերի եւ փաստաթղթերի վրա, որ ընդունվել են ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում»:

Մեդվեդեւը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համաձայնության գալ Ղարաբաղի հարցում, եւ ընդգծել է, որ Ռուսաստանը կուզենար Ղարաբաղի հարցում հասնել առավելագույն առաջընթացի:

Ղարաբաղի խնդիրը, Ռուսաստանի նախագահի խոսքերով, «շատ բարդ, բայց լուծելի խնդիր է»:

Ռուսական մի շարք թերթերի հավաստմամբ` Ադրբեջանն ու Ռուսաստանը պայմանավորվել են գազային հարցում, եւ Ադրբեջանը իր հավելյալ գազը կարող է ամբողջությամբ վաճառել Ռուսաստանին, ինչը հարցականի տակ է դնում կամ դժվարացնում Ռուսաստանը շրջանցող Nabucco ծրագիրը, բայց փոխարենը, ինչպես, օրինակ, նշում է «Գազետա» թերթը, պաշտոնական Բաքուն Մոսկվայից պահանջում է աջակցություն եւ առաջխաղացում Ղարաբաղի հարցում:

Շաբաթ օրը ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մանրամասն խոսել է Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների մասին:

«Մամլո ասուլիսի ժամանակ ե՛ւ ես, ե՛ւ Ռուսաստանի Դաշնության նախագահը ասել ենք, որ Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային նորմերի, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի ընդունած փաստաթղթերի վրա: Բնականաբար, այդ իրավական հիմքը նախատեսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում, հայկական զորքերի դուրսբերում գրավյալ տարածքներից եւ փախստականների վերադարձ», - ասել է Ալիեւը «Վեստի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` հավելելով. - «Մենք համաձայն ենք, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշումը հետաձգվի անորոշ ժամանակով»:

«Մենք հասկանում ենք, թե ինչ կարեւոր է Հայաստանի համար ունենալ միջանցք, որը կկապի Ղարաբաղը Հայաստանի հետ, եւ Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը կարող են արդյունավետ լուծվել», - վստահեցրել է նա:

Ալիեւը նաեւ հայտարարել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցի միակողմանի լուծում հնարավոր չէ, եւ հարցը պետք է լուծվի ապագայում: Սակայն նա չի խոսել հանրաքվեի մասին եւ եւս մեկ անգամ ընդգծել է, թե Ադրբեջանը երբեք չի համաձայնի, որ իրավաբանորեն Ղարաբաղը անջատվի Ադրբեջանից:

«Առանց Ադրբեջանի հետ հարցերը կարգավորելու Հայաստանի համար հեշտ չի լինի դուրս տալ ճգնաժամից, քաղաքական, էներգետիկ, տրանսպորտային մեկուսացումից», - ամփոփել է Իլհամ Ալիեւը:

Անցած տարվա նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացավ Դմիտրի Մեդվեդեւ - Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպում, որի արդյունքում երեք երկրների նախագահները ստորագրեցին համատեղ հռչակագիր:

Որպես Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման հնարավոր ժամկետ նշվում է մայիսի 7-ը, երբ երկու պետությունների ղեկավարները Պրահայում մասնակցելու են Եվրամիության գագաթնաժողովին:

Ավելու ուշ` հունիսի սկզբին, եւս մեկ հանդիպում է նախատեսվում արդեն Սանկտ Պետերբուրգում, որտեղ անցկացվելու է հերթական միջազգային տնտեսական համաժողովը:

Այդ համաժողովի շրջանակներում անցած տարի կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, իսկ այս անգամ Ռուսաստանը առաջարկում է փոխել հանդիպման ձեւաչափը եւ այն դարձնել եռակողմ` նաեւ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ:

Մեկնաբանների կարծիքով` Ռուսաստանին կհաջողվի ստանալ ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի նախագահների համաձայնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG