Մատչելիության հղումներ

Ապրիլի 19-26-ը` Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր Կալիֆորնիայում


Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը երեկ հռչակագիր է ստորագրել, որով 2009 թվականի ապրիլի 19-26-ը նահանգում հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն` հռչակագրում, մասնավորապես, ասված է. - «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Ստամբուլ քաղաքում ձերբակալվեցին հայ համայնքի ավելի քան 200 առաջնորդներ: Ուղարկվելով բանտեր` նրանց մեծամասնությունը մահապատժի ենթարկվեց, ինչով սկսվեցին հայ ժողովրդի սարսափելի, սիստեմատիկ կոտորածները եւ բռնի տեղահանությունը, որոնք շարունակվեցին մինչեւ 1923 թվականը: Այդ տարիներին Օսմանյան կայսրության կառավարությունը կյանքից զրկեց մեկեւկես միլիոն հայերի, եւս 500 հազարին տեղահանեց իրենց հայրենիքից»:

«Մեր հայ բարեկամների հետ` այստեղ եւ ամբողջ աշխարհում, մենք հիշում եւ ճանաչում ենք ցեղասպանությունը, ընտանիքները, որ այն կործանել է, եւ պատմությունը, որ այն փոխել է: Մենք չենք ուզում հիշել նման վիշտը, սակայն պետք է դա անենք, որպեսզի դասեր քաղենք պատմությունից եւ նորացնենք մեր ջանքերը` ապահովելու, որպեսզի այլեւս երբեք չկրկնվի նման բան»:

Չորս տարի առաջ Շվարցենեգերը հրամանագիր է ստորագրել, որով ապրիլի 24-ը ընդգրկող շաբաթը մշտապես սահմանել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր նահանգում: Այդուհանդերձ, ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա շեմին նա հանդես է գալիս համապատասխան հայտարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG