Մատչելիության հղումներ

Երեկ Փարիզում` Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան մոտ, տեղի ունեցավ ցույց ի պաշտպանություն «Միասնական Ջավախք» շարժման ղեկավար Վահագն Չախալյանի, ով ապօրինի զենք պահելու եւ արգելված հանրահավաքի մասնակցելու մեղադրանքներով անցած շաբաթ դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Բողոքի ցույցը, որը ընթացավ «Ազատե՛ք Չախալյանին» եւ «Արդարությո՛ւն» կոչերով, կազմակերպել էր Ֆրանսիայի հայ համայնքի ղեկավար մարմինը:

Վրաստանի դեսպանը ընդունեց ղեկավար մարմնի պատվիրակությանը, որը փոխանցեց համայնքի մտահոգությունը: Հայ համայնքի ներկայացուցիչները առաջարկեցին վերանայել Չախալյանի դատավարությունը, ինչպես նաեւ հնարավորություն տալ նրան ընտրելու իր դատապաշտպանին` հանձին ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արաբյանի, ինչը Վրաստանի իշխանությունները նախկինում մերժել են:

Պատրիկ Արաբյանը, ով մասնակցում էր ցույցին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Վրաստանի իշխանությունները մերժեցին ինձ իմ պաշտպանությունը բերել Վահագն Չախալյանին, ինչը անօրինական էր: Խնդիր հարուցվեց նաեւ նրա հայ դատապաշտպանի հանդեպ, Չախալյանին այցելելու թույլտվություն չտրվեց ինձ, եւ, զարմանալիորեն, ներքին գործերի նախարարն էր, որ զբաղվում էր այդ հարցով»:

«Ակնհայտորեն, այդ դատավարությունը ուղղված էր մանավանդ հայկական համայնքի դեմ, այլ եզրակացություն դժվար է անել», - ամփոփեց ֆրանսահայ փաստաբանը` հավելելով, որ եթե Վրաստանի իշխանությունները համաձայնեն վերանայել Չախալյանի դատավարությունը, ապա ինքը կրկին կմեկնի Վրաստան` ստանձնելու «Միասնական Ջավախք»-ի ղեկավարի պաշտպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG