Մատչելիության հղումներ

ICG. «Կարեւոր է չկորցնել վճռորոշ այս պահը»


Թուրքիա - ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ստամբուլում հանդիպում է արտգործնախարարների հետ, 6-ը ապրիլի, 2009 թ.

Թուրքիա - ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ստամբուլում հանդիպում է արտգործնախարարների հետ, 6-ը ապրիլի, 2009 թ.

«Թուրքիան եւ Հայաստանը գտնվում են հարաբերությունների կարգավորման եզրին, եւ այժմ երկու կողմերի եւ միջազգային հանրության համար խիստ կարեւոր է չկորցնել վճռորոշ այս պահը եւ մինչեւ վերջ հասցնել մերձեցման գործընթացը», - ասվում է հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) երեկ հրապարակված զեկույցում։

«Հայաստանն ու Թուրքիան չպետք է բաց թողնեն հարաբերությունները կարգավորելու այս լավագույն հնարավորությունը, եւ պետք է բացեն Եվրոպայի վերջին փակ սահմանը», - ասում են փորձագետները։

Այդ նպատակին հասնելու համար Միջազգային ճգնաժամային խումբը Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին խորհուրդ է տալիս կյանքի կոչել բանակցությունների ընթացքում մշակված փաթեթը, որը նախատեսում է սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ երկկողմ հանձնաժողովների ստեղծում, այդ թվում` պատմաբանների եւ փորձագետների մասնակցությամբ։

«Մենք հորդորում ենք երկու կողմերի կառավարություններին խթանել 1915 թվականի իրադարձությունների շուրջ համալսարանների ու գիտնականների աշխատանքը, ներգրավել ոչ միայն հայ, թուրք, այլեւ՝ այլազգի պատմաբանների, արդիականացնել պատմության դասագրքերը եւ հասանելի դարձնել առկա արխիվային փաստաթղթերը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի հարցով պատասխանատու Հյու Պոպը։

Փաստելով, որ ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունը մեծ վտանգ է պարունակում Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցման համար` փորձագետները պաշտոնական Անկարային խորհուրդ են տալիս չզոհել Երեւանի հետ հնարավոր մերձեցումը` հանուն ադրբեջանական հողերից հայկական ուժերի դուրսբերման։

«Ընդհակառակը, մենք հորդորում ենք Թուրքիային համոզել եղբայրական Բաքվին, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը բխում է նաեւ Ադրբեջանի շահերից, եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է արագացնել հայկական ուժերի դուրս բերումը ադրբեջանական տարածքներից», - նշեց Հյու Պոպը։

Պաշտոնական Երեւանին փորձագետները հիշեցնում են, որ առանց ղարաբաղյան խնդրի կարգավորման Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարող երկարատեւ եւ հաստատուն լինել։

«Մենք Հայաստանին խորհուրդ ենք տալիս Ադրբեջանի հետ համատեղ համաձայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին եւ դուրս բերել զինված ուժերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից», - ասաց Հյու Պոպը։

Հարաբերությունները կարգավորելու համար փորձագետները նաեւ Թուրքիային խորհուրդ են տալիս աշխատանք տանել հայկական հուշարձանները եւ մշակութային ժառանգությունը վերականգնելու եւ պաշտպանելու ուղղությամբ, իսկ Հայաստանին հորդորում են անվերապահորեն ճանաչել Կարսի պայմանագրով հաստատված Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։

Դիմելով Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին ու Եվրամիությանը` փորձագետները հորդորում են աջակցել հաշտեցման գործընթացին եւ այս վճռական եւ խոստումնալից ժամանակաշրջանում խուսափել այնպիսի հայտարարություններից ու որոշումներից, որոնք կարող են սրել հասարակական կարծիքը եւ վնասել հաշտեցման գործընթացին։

«Հայ–թուրքական մերձեցման այս զգայուն ժամանակաշրջանում ցեղասպանությունը ճանաչելու կամ հերքելու վերաբերյալ ցանկացած հայտարարություն կարող է զայրացնել հայերին կամ ազգայնական թուրք խմբավորումներին եւ տարիներով ետ շպրտել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը», - ընդգծում են Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG