Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի պատգամավորները դեմ են հայ - թուրքական սահմանի բացմանը


Ադրբեջանի խորհրդարանականները միանշանակորեն դեմ են հայ - թուրքական սահմանի բացմանը: «Անկարայի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չպետք է հաստատվեն, քանի դեռ հայկական ուժերը չեն հեռացել Ադրբեջանի տարածքից, - այսօր հայ - թուրքական հարաբերություններին նվիրված քննարկումների ժամանակ հայտարարում էին ադրբեջանցի պատգամավորները:

«Հայ - թուրքական սահմանի բացումը կարող է բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող Թուրքիայի վրա: Սահմանի բացումից կարող են օգտվել տարածաշրջանի այն պետություններրը, որոնց այնքան էլ դուր չեն գալիս Ադրբեջանի եւ Թուրքիայի սերտ հարաբերությունները», - ասել է Ադրբեջանի Միլի մեջլիսի սակավաթիվ ընդդիմադիր պատգամավորներից մեկը` «Մուսավաթ» խմբակցության անդամ Իքրամ Իսրաֆիլը:

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից պատգամավոր Հադի Ռաջաբլիի խոսքերով, «ինչ-որ անհայտ ուժեր փորձում են իրադարձությունները տանել իրենց ուզած ուղով` դեպի հայ - թուրքական սահմանի բացումը»:

Իսկ իշխանամետ մեկ այլ պատգամավոր` Գովհար Բախշալիեւան հայտարարել է. - «Ես պարզապես չեմ հավատում, որ հայ - թուրքական հարաբերությունները կարող են զարգանալ: Թուրքերը միշտ էլ մեր կողքին են եղել: Բայց եթե նրանք հանկարծ որոշեն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ նրանց կապերը մեծապես տուժելու են»:

Ադրբեջանցի պատգամավորներից շատերը իրենց ելույթներում հայ - թուրքական սահմանը ոչ մի դեպքում չբացելու` Անկարային ուղղված կոչերը համատեղում էին անթաքույց սպառնալիքների հետ, ասելով, թե Անկարայում Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելուց առաջ չպետք է մոռանան Ադրբեջանի հնարավոր հակազդեցության մասին:

«Թուրքիայի մասին խոսելիս փոքր-ինչ ավելի զուսպ եղեք», - իր գործընկերներին կոչ է արել «Ումիդ» կուսակցության ղեկավար Իղբալ Աղազադեն, ով չափավոր ընդդիմադիր գործչի համբավ ունի:

«Ժողովրդական ճակատ» խմբակցության անդամ Ջամիլ Հասանլին էլ պնդում էր, որ խորհրդարանում Թուրքիայի հասցեին հնչող մեղադրանքները առանձին պատգամավորների անձնական նախաձեռնության արդյունք չեն: «Այսօր Ադրբեջանում սկիզբ առած հակաթուրքական արշավը չի համապատասխանում ո՛չ Ադրբեջանի եւ ո՛չ էլ թուրքական պետության շահերին: Սա հակապետական արշավ է: Այս արհեստական արշավը կազմակերպվել է նախագահի աշխատակազմի կողմից` այդտեղից է իջեցվել հակաթուրքական արշավ սկսելու հրահանգը: Նման հրաման է տրվել նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների: Մենք նման սխալներ թույլ տալու իրավունք չունենք: Թուրքիան այն պետությունն է, որը 1918 թվականից ի վեր Ադրբեջանի ցանկացած խնդիր ընկալել է որպես սեփականը: Նման հակաթուրքական արշավը պարզապես անթույլատրելի է», - հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը:

Ի պատասխան` խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը հայտարարել է. - «Որեւէ մեկը Թուրքիայի եւ թուրք ժողովրդի դեմ արշավ չի կազմակերպում: Նախագահի աշխատակազմից որեւէ մեկից որեւէ հրահանգ չի ստացվել: Պետք չէ մարդկանց վիրավորել, ինչքա՞ն կարելի է նվաստացնել սեփական ժողվորդին»:

«Ենի Ազերբայջան» խմբակցության պատգամավոր Մուբարին Գուրբանլին, իր հերթին, ասել է. - «Թուրքիան հայտարարել է, որ չի պատրաստվում բացել սահմանը, եւ այդ խոստումները գովեստի են արժանի»:

Իսկ իշխող կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը հայտարարել է. - «Ադրբեջանի շահը Թուրքիայի շահն է: Մենք հավատում ենք, որ Թուրքիան չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման, քանի դեռ շարունակվում է ադրբեջանական հողերի օկուպացիան»:

Այդուհանդերձ, Ադրբեջանի քաղաքական վերնախավում ակնհայտ են մտահոգությունները` կապված, նախեւառաջ, Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի առաջիկա երեւանյան այցի հետ: Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, օրինակ, չի բացառել, որ արդեն ապրիլի 16-ին Հայաստանն ու Թուրքիան կարող են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին նախնական արձանագրություն ստորագրել:

Ադրբեջանական իշխանամետ կուսակցություններից մեկը` «Մուասիր Մուսավաթ»-ը այսօր բողոքի ակցիա էր կազմակերպել Բաքվում Թուրքիայի դեսպանատան մոտ: «Ո՛չ հայ - թուրքական սահմանի բացմանը», «Եղբայրը եղբորը թիկունք պետք է լինի», - վանկարկում էին ցույցի մասնակիցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG