Մատչելիության հղումներ

«Փողկապների եւ վանդակների ակցիա»` Թբիլիսիում


Թբիլիսի. ընդդիմության աջակիցները վրաններ են տեղադրում նախագահի նստավայրի մոտ, 13 ապրիլի, 2009

Թբիլիսի. ընդդիմության աջակիցները վրաններ են տեղադրում նախագահի նստավայրի մոտ, 13 ապրիլի, 2009

Վրաստանի ընդդիմությունը երեկվանից վերսկսել է բողոքի գործողությունները Թբիլիսիում: Անցած գիշեր վրաններ են տեղադրվել նախագահի նստավայրին հարող հրապարակում, իսկ այսօր հրապարակ են բերվել ճաղավանդակներ, որոնք խորհրդանշում են «բանտը», ինչի, ըստ ընդդիմադիրների, վերածվել է երկիրը Միխեիլ Սահակաշվիլիի օրոք:

Ընդդիմության ակտիվիստները տեղավորվում են վանդակներում, ընդ որում, յուրաքանչյուր «խավ» եւ մասնագիտական միավորում իր վանդակն ունի` երաժիշտները նստում են մի վանդակում, բանաստեղծները` մեկ ուրիշում, եւ այլն:

Երեկվա հանրահավաքին, ըստ «Ռոյթերզ» գործակալության, մասնակցել է շուրջ 20 հազար մարդ: Հիմնական պահանջը նախագահի հրաժարականն է: Ընդդիմությունը նրան մեղադրում է մարդու իրավունքների ոտնահարման, ինչպես նաեւ անցյալ տարվա ռուս - վրացական պատերազմում կրած պարտության համար:

«Մենք պատրաստ ենք նախագահի հետ բանակցել այս իրավիճակից երկիրը դուրս բերելու շուրջ, պատրաստ ենք լսել նրա փաստարկները, նա ստեղծել է պետություն մեկ մարդու` իր համար, եւ մենք փոխելու ենք այդ համակարգը», - ասել է ընդդիմության առաջնորդներից` ՄԱԿ-ում Վրաստանի նախկին ներկայացուցիչ Իրակլի Ալասանիան, ավելացնելով, թե ելքը արտահերթ ընտրությունն է:

Անցյալ հինգշաբթի օրը հրապարակում շուրջ 60 հազար մարդ էր հավաքվել: Շաբաթավերջին ցուցարարների թիվը նվազել է, ինչը իշխանությունները փորձում են մեկնաբանել են որպես ընդդիմության պարտության սկիզբ, սակայն երեկվանից ընդդիմադիր լիդերները կազմակերպել են նոր եւ բավական հնարամիտ գործողություններ:

Անցյալ տարվա պատերազմի օրերին տեսախցիկներն արձանագրել էին պահը, երբ Սահակաշվիլիին, հեռախոսով խոսելով իր աշխատասենյակում, նյարդային վիճակում սկսել է ծամել իր փողկապը: Ավելի ուշ մեկնաբանելով այդ միջադեպը` նախագահը ասել է. - «Իհարկե, այդպիսի ապրումների ժամանակ կարող ես ակամա սեփական փողկապդ ուտել, սակայն մեր վախը, մեր մեջքը թշնամին չի տեսել եւ երբեք չի տեսնի»:

Այսօր ընդդիմությունը «փողկապների ակցիա» է սկսում. մարդիկ բերելու են փողկապներ եւ կախելու են դրանք նախագահի նստավայրի վանդակավոր ցանկապատին:

«Կախելով փողկապը` յուրաքանչյուր մարդ մի ցանկություն է պահելու: Ես համոզված եմ, որ բոլորի ցանկությունը նույն է», - հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Կախա Կուկավան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG