Մատչելիության հղումներ

«Հայջրմուղկոյուղի»-ն խոստանում է ապահովել 16-ժամյա ջրամատակարարում


«Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը գտնում է, թե ընկերությունը կատարել է վերջին տարիների ներդրումային ծրագրերը, եւ վստահեցնում է, որ կապահովի 16-ժամյա ջրամատակարարում:

2004 թվականին, երբ ֆրանսիական «Սուար»-ը ստանձնում էր Հայաստանի մարզերի ջրամատակարարման համար պատասխանատու «Հայջրմուղկոյուղու» կառավարումը, պաշտոնական տվյալներով, ընկերության ջրային կորուստները կազմում էին 75 տոկոս։ Իսկ այսօր արդեն կորուստները կազմում են 83-84 տոկոս։ Գլխավոր տնօրենի խոսքով, սակայն ժամանակին իրենք պարզել են, թե 75 տոկոս ջրային կորուստը իրականությանը չի համապատասխանում. կորուստներն այդ ժամանակ եղել են ավելի քան 90 տոկոս։

Այդուհանդերձ, Պատրիկ Լորենի համոզմամբ, ընկերության համար առաջնային ոչ թե ջրի կորուստների նվազեցումն է, այլ 24-ժամյա ջրամատակարարման ապահովումը։

«Իհարկե, դրան զուգահեռ ընկերությունը փորձում է աստիճանաբար վերացնել եւ կրճատել ջրային կորուստները` գիտակցելով, որ դրանք կոմերցիոն կորուստներ են», - ասում է Պատրիկ Լորենը:

Ընկերությանը 6 տարի էր անհրաժեշտ ապահովելու համար շուրջօրյա ջրամատակարարում, սակայն ըստ ղեկավարի, «Հայջրմուղկոյուղու» սպասարկման տարածքում 24-ժամյա ջրամատակարարման հասնելն այս պահին իրատեսական չէ։

«Դրա համար ավելի շատ ներդրումներ եւ ժամանակ է անհրաժեշտ», - փաստում է ընկերության գլխավոր տնօրենը` վստահեցնելով, այդուհանդերձ, որ կարող են հասնել 16-ժամյա ջրամատակարարման։ Նրա փոխանցմամբ, 2009 թվականը սկսել են ֆինանսական դժվարություններով եւ դրան հետեւանքով ընկերությունը որոշել է կառուցվածքային փոփոխություններ իրականացնել, ինչպես նաեւ այս տարվա առաջին եռամսյակում 20 տոկոսով կրճատել է աշխատավարձերը։

Ընկերության ղեկավարի տեղեկացմամբ, այս ամսվա ընթացքում կփակվի նաեւ «Հայջրմուղկոյուղու» հյուսիս-արեւելյան մասնաճյուղը, որի հետեւանքով մասնաճյուղի 50 աշխատակիցներից 10-ը կադադարեն աշխատել ընկերությունում։

Ինչ վերաբերում է ապրիլին թանկացված ջրի սակագնին, ապա սակագնի ավելացված մասով, ըստ ընկերության ղեկավարի, կվճարվի “Հայջրմուղկոյուղու” սպառած էլեկտրաէներգիայի դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG