Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Իրանը Հայաստանի վստահելի հարեւանն է»


Մահմուդ Ահմադինեջադ եւ Սերժ Սարգսյան, Թեհրան, ապրիլի 13, 2009

Մահմուդ Ահմադինեջադ եւ Սերժ Սարգսյան, Թեհրան, ապրիլի 13, 2009

«Հայաստանը առանձնահատուկ կարեւորություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմանը», - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ երեկ Թեհրանում կայացած հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Իրանական աղբյուրների հաղորդմամբ` երկու նախագահները երեկ շուրջ մեկ ժամ շարունակ առանձնազրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ, ինչից հետո պատրաստակամություն են հայտնել ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում:

«Հայաստանը Իրանը դիտարկում է որպես վստահելի հարեւան եւ դժվարին օրերի բարեկամ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Մահմուդ Ահմադինեջադն էլ ընդգծել, է, որ Թեհրանը հետաքրքրված է Հայաստանի կայունությամբ: «Հայաստանի բարգավաճումից եւ զարգացումից կշահի ողջ տարածաշրջանը», - ասել է Իրանի նախագահը:

Երկօրյա հանդիպումների ընթացքում կողմերի միջեւ արդեն իսկ մի շարք փաստաթղթեր են ստորագրվել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` էներգետիկայի նախարարները հուշագիր են ստորագրել Արաքսի ափին հիդրոէլեկտրակայան կառուցելու մասին։ «Դա հզոր ՀԷԿ է, որի նմանը տարածաշրջանում գոյություն չունի», - ասել է Սերժ Սարգսյանը։

Իրանական ԻՐՆԱ գործակալության հաղորդմամբ` կողմերի միջեւ քննարկվել են նաեւ էներգետիկ ծրագրերի ֆինանսավորման ուղիները:

Ակնկալվում է, որ այսօր էլ կստորագրվի համաձայնագիր Իրան - Հայաստան երկաթուղու կառուցման մասին: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ` 470 կիլոմետրանոց երկաթուղու շինարարությունը կտեւի առնվազն 5 տարի եւ կարժենա ավելի քան մեկ միլիարդ դոլար: «Թեհրանը ուզում է համագործակցել Հայաստանի հետ` նախկին խորհրդային այս երկրում ենթակառուցվածքները զարգացնելու հարցում», - ըստ ԻՐՆԱ-ի` հայտարարել է Իրանի ֆինանսների նախարարը: Ըստ Հայաստանի նախագահի, կողմերը նախատեսում են կառուցել նաեւ խողովակաշար, որով Հայաստանը Իրանից կստանա բենզին եւ դիզվառելիք:

Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Վերջինս հավաստիացրել է, որ Մեջլիսը պատրաստ է հավանություն տալ բոլոր այն ծրագրերին, որոնք կամրապնդեն Թեհրանի եւ Երեւանի հարաբերությունները:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը: Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել պաշտոնական Թեհրանին հավասարակշռված մոտեցման համար, իրանական կողմն էլ հայտարարել է, թե փորձում է նպաստել անվտանգության եւ խաղաղության հաստատմանը տարածաշրջանում, այդ թվում` Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում:

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, էկոնոմիկայի, սփյուռքի նախարարները, Ազգային ժողովի պատգամավորներ, Կենտրոնական բանկի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG