Մատչելիության հղումներ

Թուրքիայի մշակույթի նախարարը հայերին համագործակցության կոչ է արել


Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուկրուլ Գունայը հայերի հետ համագործակցության կոչ է արել` Անիի ավերակները վերականգնելու գործում, բայց, թուրքական «Հյուրիեթի» փոխանցմամբ, նախարարը նախապայման է դրել՝ «նախ պետք է լուծվի Lեռնային Ղարաբաղի հարցը»։

«Կովկասում չի կարող խաղաղություն հաստատվել, եթե Ադրբեջանը անտեսվի», - ասել է Թուրքիայի մշակույթի նախարարը։ - «Մենք չենք կարող ադրբեջանցիներին այնպես վերաբերվել, կարծես թե նրանք չկան, մինչ մենք մեր դիվանագիտական հարաբերություններն են կարգավորում Հայաստանի հետ։ Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Lեռնային Ղարաբաղը դեռ Հայաստանի տիրապետության տակ է»։

Իբրեւ հայ-թուրքական համագործակցության լավ օրինակ Գունայը իր հարցազրույցում նշել է, որ համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար Իդիլ Բիրեն իր Կովկասյան շրջագայության ընթացքում համերգներով հանդես կգա նաեւ Հայաստանում։

«Մենք դեռ զգայուն ենք որոշ հարցերում, բայց մենք նաեւ հասկանում ենք, որ մշակութային հարաբերությունները կարող են առանցքային դեր ունենալ` քաղաքական հարցեր լուծելիս։ Դա է առաջին քայլը», - ասել է նախարարը։

Գունայը նաեւ խոսել է Անի տեղանվան արտասանության շուրջ հայերի եւ թուրքերի միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունների մասին՝ նշելով, թե «տեղանունների անվանում փոփոխելն անիմաստ է, քանի որ դրանք որեւէ մեկին չեն վնասում»։

Թուրքիայի մշակույթի նախարարի փոխանցմամբ, Անիում ընթացող վերակառուցման աշխատանքները շուտով կկենտրոնանան քաղաքի մայր տաճարի վրա եւ հայ մասնագետները վերջերս մասնակցել են այդ նախագծի վերաբերյալ տեղի ունեցած հանդիպմանը։ Տաճարի վերակառուցումը իրականացվում է Հուշարձանների համաշխարհային ֆոնդի նախաձեռնությամբ։

Էրթուկրուլ Գունայը նաեւ հավելել է. - «Նախարարությունը պատրաստ է համագործակցել, օգնել թուրքահայ համայնքին միջոցներ հայթայթել` վերակառուցելու 500 տարվա հնություն ունեցող Դիարբեքիր նահանգի Սուրբ Կիրակոս եկեղեցին»։

Այդուհանդերձ, տեղեկացնում է «Հյուրիեթը», հայկական համայնքը մտավախություն ունի, որ վերականգնվելուց հետո Սուրբ Կիրակոս եկեղեցին նույնպես կարող է իբրեւ թանգարան ծառայել, ինչպես տեղի ունեցավ Վանի Աղթամար եկեղեցու հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG