Մատչելիության հղումներ

logo-print

Թուրք երիտասարդ արվեստագետները Հայաստանում


9 թուրք երիտասարդ արվեստագետներ իրականացնում են «Փոխադարձ այցելություն» նախագիծը, որի շրջանակում վերջերս այցելեցին Հայաստան, ապա մեկնեցին Ադրբեջան, որտեղից մեկնելու են Վրաստան։

«Այս ծրագրով մենք ցանկանում ենք ընդգծել ու ջրի երես հանել մեր նմանություններն ու ընդհանրությունները, չենք ցանկանում, որ կրկնվի ցավալի ու տխուր անցյալը, որ ունենք բոլորս», - ասում է «Փոխադարձ այցելություն» նախագծի հեղինակ Սելդա Ասալը։

Արվեստագետները ճամփորդում են տարածաշրջանում ու հավաքում նյութեր` յուրաքանչյուրը իր թեմայով:

Խմբի անդամների մի մասը զբաղվում է ավանդական արվեստով, մյուսները կատարում են հումանիտար ու սոցիալական փոխլրացնող հետազոտական աշխատանքներ։

Օրինակ, խմբի արվեստագետներից մեկը օրորոցային երգեր է հավաքել Հայաստանում, նույն աշխատանքը կշարունակի նաեւ Ադրբեջանում, Վրաստանում եւ Իրանում: Մեկ այլ արվեստագետի հետաքրքրում են ընտանեկան արխիվները` լուսանկարներ, հին օրագրեր ու նամակներ ու դրանց հետ կապված պատմությունները: Նյութերը մշակվելուց հետո կներկայացվեն Ստամբուլում:

«Ինձ համար ավելի կարեւոր է ճանաչել հարեւաններին, ոչ թե գերմանացիներին կամ ֆրանսիացիներին; Ես ուզում են տեսնել մեր ընդհանրությունները, ինչ ենք կիսում ու ինչ ընդհանուր հիշողություն ունենք», - ասում է Սելդա Ասալը: - «Արվեստագետները աշխարհի քաղաքացիներ են, մեր շարքերում չկան ազգայնամոլներ: Այո, մենք թուրքեր ենք ու ճանաչում ենք մեր երկիրը, գիտենք, թե ինչ է եղել անցյալում։ Միգուցե որոշ մարդիկ Թուքիայում չեն ընդունում 1915-ը, բայց մենք ցավում ենք դրա համար, մենք ներկայացնում ենք ապագան ու ապագա Թուրքիայի բնակիչներն ենք»։

Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Իրան այցելություններ կատարելուց հետո, արվեստագետները կվերադառնան Թուրքիա, հուլիսին այնտեղ կհյուրընկալեն իրենց այցելած երկրների արվեստագետներին, կմշակեն նյութերը եւ նոյեմբերին կներկայացնեն արվեստասեր հանրությանը:

«Համոզված եմ, որ արդյունքում ստանալու ենք շատ մարդասիրական աշխատանքներ, որոնք կհուզեն շատերին, միգուցե մեր ծրագիրը ստիպի որոշ մարդկանց մտածել ներկայի ու անցյալի մասին», - հույս հայտնեց Սելդա Ասալը։
XS
SM
MD
LG