Մատչելիության հղումներ

Թուրքական ռադիոյի հայալեզու թողարկումները սուր քննադատության են արժանացել


Թուրքական ռադիոյի հայկական խմբագրությունը, որն ընդամենը 10 օր առաջ է սկսել իր աշխատանքը` արդեն իսկ ենթարկվում է սուր քննադատության: Պատճառն այն է, որ թուրքական ռադիոն հեռարձակումներն իրականացնում է արեւելահայերեն, այն դեպքում, երբ Թուրքիայի քաղաքացի հայերի գերակշիռ մասի մայրենի լեզուն արեւմտահայերենն է:

Մամուլում հայտնված որոշ տեղեկություների համաձայն, թուրքական ռադիոյի հայկական խմբագրությունը համալրված է Հայաստանում ծնված ադրբեջանցիներով: «Հյուրիեթին» տված հարցազրույցում «Ակոսի» խմբագիր Էթյեն Մահչուպյանը իր տարակուսանքն է հայտնել արեւելահայերեն հեռարձակումների առթիվ`ասելով թե «այդ դեպքում պարզ չէ, ում համար են այդ հաղորդումները»:

«Սա նշանակում է, որ այս հաղորդումների ունկնդիրները ոչ թե Թուրքիայի հայազգի քաղաքացիներ են, այլ Հայաստանի բնակիչները: Փաստորեն սա մի նախաձեռնություն է, որն առավելապես արտաքին քաղաքական ուղղվածություն ունի: Դա, իմ կարծիքով, այնքան էլ անկեղծ մոտեցում չէ: Մենք չենք կարող չմտահոգվել, երբ թուրքական կառավարությունը նման քայլեր է իրականացնում` առանց պարզելու, թե ինչ է հարկավոր սեփական քաղաքացիներին», - ասել է «Ակոսի» խմբագիրը:

Ստամբուլահայ համայնքի մեկ այլ ներկայացուցիչ` գրող Մկրտիչ Մարկոսյանը, թուրքական մամուլում կարծիք է հայտնել. - «Այն ինչ կատարվեց` ազնիվ քայլ չէր: Այս հեռարձակումները մեզ համար չեն»:

Անցած ուրբաթ խնդրին ստիպված է եղել անդրադառնալ Եվրամիության հետ բանակցություններում Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղիշը: Նա մասնակցել է «Ռադիկալ» օրաթերթի եւ «Տնտեսական ու արտաքին քաղաքական հետազոտությունների թուրքական կենտրոնի» կազմակերպած համաժողովին, որի ընթացքում մասնակիցները անդրադարձել են նաեւ արեւելահայերեն հեռարձակումների նպատակահարմարության խնդրին:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո երբ Բաղիշը հայտարարել է. - «Թուրքիայի Հանրային հեռուստառադիոընկերության կողմից քրդերեն ու հայերեն հաղորդումների մեկնարկը միայն մի նպատակ ունի` ազգային փոքրամասնությունների հետ երկխոսության ավելի արդյունավետ միջոցներ որոնելը` օգտագործելով տեղական լեզուները»:

Երբ համաժողովի մասնակիցները թուրք պաշտոնյային մատնացույց են արել այն հանգամանքը, որ Թուրքիայի քաղաքացի հայերը խոսում են արեւմտահեյերենով, իսկ թուրքական ռադիոն իր հաղորդումները հեռարձակում է արեւելահայերեն` էգեմեն Բաղիշը հանկարծակի է եկել:

«Հյուրիեթի» փոխանցմամբ, նա ասել է. - «Որեւէ տեղեկություն այս մասին չունեմ: Նման պրոբլեմի մասին ես առաջին անգամ եմ լսում: Գուցե Թուրքիայի Հանրային ռադիոն միայն այդ բարբառին տիրապետող հաղորդավարներ է կարողացել գտնել»:

Թուրք պաշտոնյան խոստացել է հետաքննել կատարվածը:

Այս ողջ պատմությունը ստամբուլահայ համայնքին ստիպել է եւս մեկ անգամ հիշել այն ապարդյուն ջանքերի մասին, որ տարիներ շարունակ գործադրում էր Հրանտ Դինքը` փորձելով թուրքական իշխանություններից հայալեզու FM ռադիոկայան հիմնելու թույլտվություն ստանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG