Մատչելիության հղումներ

Ապրիլի 11-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը մեկնաբանում է Սերժ Սարգսյանի ասուլիսի ժամանակ հնչած առավել առանցքային պարզաբանումներից մեկը` գրելով. - «Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը իրականում ուղիղ կապ ունի ոչ միայն տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, այլեւ Հայաստանի ներքաղաքական կյանքի եւ ներքաղաքական իրավիճակի հետ, եւ այսօր կենսական նշանակություն ունի Սերժ Սարգսյանի իշխանության համար: Որքան էլ ջանք ու եռանդ թափեն իշխանական քարոզիչները, ուղղակի չեն կարող Սերժ Սարգսյանի մեկամյա պաշտոնավարման որեւէ կոնկրետ արդյունք ներկայացնել: Այս մեկ տարվա ընթացքում միայն ետընթաց, միայն թուլացում, միայն դեպրեսիա է ապրել Հայաստանը եւ ուրիշ ոչինչ, եւ սա տեղի է ունեցել հանրային կյանքի բոլոր` առանց բացառության բոլոր բնագավառներում: Ով որեւէ ոլորտում որեւէ առաջընթաց տեսնում է` դա իր խնդիրն է, թող տեսնի: Իրականությունը, սակայն, գաղջ է ու անհամ: Պրոբլեմը, սակայն, ոչ միայն այն է, որ ոչ մի դրական բան տեղի չի ունեցել, այլեւ այն, որ դրական զարգացման որեւէ նախադրյալ չի էլ ստեղծվել, եւ իշխանությունն ինքը չի կարող իրեն հաշիվ չտալ, որ առաջընթաց արձանագրելու որեւէ ռեսուրսից զուրկ է: Եվ ահա այս պայմաններում հայ - թուրքական սահմանի բացումը կլինի այն միակ իրադարձությունը, որը Սերժ Սարգսյանի իշխանությանը հնարավորություն կտա տող լրացնել դրական քայլերի դատարկ ցուցակում: Այս է պատճառը, որ այս օրերին ողջ իշխանական համակարգը շունչը պահած սպասում է, թե տեղի կունենա՞, ի վերջո, սահմանի բացում: Ընդ որում, տվյալ դեպքում «սպասել» բառը նկարագրում է ՀՀ իշխանություների իրավիճակի ողջ էությունը, որովհետեւ սարգսյանական վարչախումբը Գյուլին արված հայտնի հրավերից հետո դե ֆակտո զրկված է հայ - թուրքական սահմանի բացման պրոցեսի վրա ազդելու հնարավորությունից եւ հիմա, ըստ էության, հայտնվել է դիտորդի կարգավիճակում»:

«Առավոտ»-ի խմբագրի ուշադրության կենտրոնում Հյուսիսային պողոտայում վերջին օրերին ստեղծված իրավիճակն է: Խմբագիրը գրում է. - «Թվում է, թե մեր իշխանությունը եւ մասնավորապես` ոստիկանությունը դեռ վերջնականապես չեն որոշել, թե ինչ է նշանակում «հասարակական կարգ» եւ ումից պետք է այն պաշտպանել: Օրինակ, նրանց համար առայժմ պարզ չէ, թե երբ եւ ինչպես է պետք քայլել Հյուսիսային պողոտայում, որպեսզի դա լինի, այսպես ասած, «օրինական քայլվածք», ու երբ է այդ քայլվածքը դուրս գալիս օրենքի սահմաններից: Որպես օրինակ վերցնենք թեկուզ ինձ. օրերս անցնում էի այդ պողոտայով` որեւէ քաղաքական նպատակ չհետապնդելով: Դեռ ավելին` հեղափոխական երիտասարդների նկատմամբ առանձնապես ջերմ զգացմունքներ չունենալով: Եթե ուզում եք, հակիրճ ասեմ, թե ինչու. «ժողովրդավարական իդեալներ» ունենալու տեսակետից նրանց մոտ ամեն ինչ կարգին է, իսկ ահա գիտելիքների, կրթության ու, առավել եւս, դաստիարակության առումով, մեղմ ասած, դեռեւս աշխատելու տեղ կա: Բոլոր դեպքերում, նրանք ինձ չեն խանգարում` ինչ ուզում են, թող վանկարկեն: Քայլում եմ ես, ուրեմն, Հյուսիսային պողոտայով, ու հանկարծ գետնի տակից «բուսնում են» հակառակ ճամբարի երիտասարդներ, որոնց ես ավելի քիչ եմ հավանում, որովհետեւ գլխներին կարմիր բերետներ կան: Եվ այդ տղաները սկսում են ինձ բացատրել` «էստեղ չի կարելի», «էն կողմ գնա», «էնդեղով անցի»: Նորից եմ ասում` մի հատ կողմնորոշվեք` կա՞ն արդյոք մեր մայրաքաղաքում անցորդների համար ինչ-ինչ արգելված գոտիներ, ու ինչպես եւ երբ են դրանք առաջանում»:

«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը փորձում է ըմբռնել մեր հասարակության հիմնական մտահոգությունները: Թերթում կարդում ենք. - «Երեք հիմնական պատճառ է ծվատում մեր հասարակության կոլեկտիվ հոգին՝ թույլ չտալով հանգիստ քնել. սոցիալական անարդարության զանգվածային զգացումը, ֆիզիկական անպաշտպանվածությունն ու վաղվա օրվա հանդեպ անվստահությունը։ Ոչ, ժողովրդի անքնությունը աչքերի հիվանդությունից չէ, ոչ էլ հոգին կրծող նախանձից։ Դա պարզապես արդարությունը վերականգնելու, կեղծիքը մերկացնելու, թույլերին պաշտպանելու, երկրի վրա կյանքն արժանավայել շարունակելու մարդու բնական ձգտումն է։ Արդարությունը չի կարող Աստծո պարգեւի պես երկնքից ընկնել ստի ծուռ հայելու մեջ ապրող հասարակության գլխին։ Եթե որպես հասարակության բարոյական իդեալ արմատավորվում է ամեն գնով ձեռք բերված հարստությունը, ապա լրագրային առանձին հոդվածներով արդարության կոչելը նույնքան անիմաստ է, որքան հասարակաց տանը բարոյականության մասին դասախոսություն կարդալը։ Ծուռ քանոնով տուն չես կառուցի»։

«Հայք»-ը իր խմբագրականում գրում է. - «Ցավոք, ինչպես եւ անցած տարի, այս տարի Զատիկը մենք նշում ենք մի իրավիճակում, երբ բանտերը լեցուն են քաղբանտարկյալներով, երբ շարունակվում են խայտառակ դատավարությունները, երբ Զատկի տոնից մի քանի օր առաջ ոստիկանները ցինիկաբար ոտնահարում են մարդկանց տարրական իրավունքները: Վարչախումբն այդպես էլ չկարողացավ զատվել մեղքերից եւ շարունակում է մեղքեր գործել ու տառապանքի մատնել մի ամբողջ ժողովրդի: Այսօր Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Աշոտ Մանուկյանը, Սասուն Միքայելյանը, Արամ Բարեղամյանը, Սուրեն Սիրունյանը, Շանթ Հարությունյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ մյուս քաղբանտարկյալները Զատիկն ազատության մեջ չեն նշելու միայն նրա համար, որ պայքարել են Հայաստանի ժողովրդավարացման համար: Իսկ Սերժ Սարգսյանը երեկ խոսում էր համաներման մասին: Բայց մի՞թե Զատկի տոնից առաջ համաներում հայտարարելն ամենաճիշտ որոշումը չէր լինի: Եթե նա իրոք չի վախենում ազատ խոսքից եւ իրոք ցանկանում է քանդել անվստահության պատը, ապա ինչո՞ւ չգնաց այդ քայլին: Չգնաց, քանի որ վախենում է ու վախի մեջ նոր կոպիտ սխալներ թույլ տալիս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG