Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 10-ի մամուլ


«Առավոտ» օրաթերթը հարցազրույց է տպագրել Ազգային Ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի հետ։ Լրագրողը հարցրել է. - «Ձեզ չե՞ ն նյարդայնացնում հեռուստաէկրաններից եւ թերթերից տարբեր քաղաքական գործիչների կողմից հնչող գուշակությունները` Բարաք Օբաման կասի՞ ցեղասպանություն բառը, թե՞ չի ասի։ Մի՞ թե դա այդքան կարեւոր է, մ՞իթե դրանից փոխվելու է պատմական ճշմարտությունը»։ Ի պատասխան Ավետ Ադոնցն ասել է. - «Բնական է, որ Օբաման ողբերգական իրադարձությունները կանվանի կամ չի անվանի ցեղասպանություն` դրանից պատմությունը չի փոխվելու, սակայն ԱՄՆ-ը մնում է այս աշխարհի ամենակարեւոր կենտրոններից մեկը, եւ այս երկրի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը շատ կարեւոր փաստ կարող է լինել։ Եվ Օբամայի հայտարարությունից սպասելիքներ ունեն հայերը թե Հայաստանում, եւ թե Սփյուռքում»։

«Երկիր»-ը խմբագրականում եզրակացություններ է արել Բարաք Օբամայի թուրքական այցից. - «1. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Նրա համար Հայոց Ցեղասպանությունը քաղաքական, ոչ թե պատմական հարց է։ ԱՄՆ Կոնգրեսը նույնպես կարող է հստակ դիրքորոշում ցույց տալ այս հարցում։ Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանը հստակ եւ հետեւողական լինի ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ 2. ԱՄՆ-ը վերահաստատում է իր համար Հարավային Կովկասի տարածաշրջանի կարեւորությունը եւ առաջնահերթ խնդիր է համարում հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին մասնակցությունը։ Թուրքիան ստիպված է լինելու հասկանալ, որ Հայաստանը անկախ պետություն է Հարավային Կովկասում, որի հետ պետք է հաշվի նստել։ 3. ԱՄՆ-ը Ղարաբաղի հիմնախնդիրը չի կապում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի հետ»։

«ժամանակ»-ը զրուցել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի հետ։ Լրագրողի հարցին, թե Քրեական օրենսգրքի 225, 300 հոդվածներում փոփոխությունները կարո՞ղ են համարվել իրական քայլ դեպի ԵԽԽՎ բանաձեւերի կատարում, Օհանյանը պատասխանում է. - «Դե իհարկե` ոչ։ Ցավոք թվում է` կարելի է նախ` ինքնախաբեությամբ զբաղվել, հետո` փորձել խաբել, ինչ-որ կապիկություններ անել, ԵԽ-ին խաբել, սրան խաբել, նրան խաբել` էս ենք անում, էն ենք անում։ Իրականում մենք մեզ ենք խաբում։ Ո՞ւմ ես խաբում, կամ մի՞թե կարծում ենք` ԵԽ-ում «օլուխներ» են նստած։ Իհարկե այլ հարց է, թե նրանք որքանով կուզեն իրենց միամիտի տեղ դնել... Այսօր հանդուրժողականության մասին տարբեր մարդիկ խոսում են։ Ես ապշում եմ, ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը։ Ինչի՞դ հանդուրժող լինեմ, քո կատարած չարիքների՞ն։ Եթե ընդվզում եմ, ընբո՞ստ եմ։ Մենք անարդարություն չենք կարող հանդուրժել, պիտի պայքարենք»։

lragir.am-ը գրում է. - «Ոստիկանությունը յուրօրինակ նշեց Սերժ Սարգսյանի երդմնակալության տարեդարձը` ցույց տալով, թե իրականում Սերժ Սարգսյանի նախագահությունն ում համար է այս երկրում ապահովել դրության տերը լինելու հնարավորությունը։ Երկու օր շարունակ, չգիտես ինչի համար, ոստիկանները հալածում էին քաղաքի կենտրոնում տեղի ունեցող “քաղաքական” խաղաղ զբոսանքի մասնակից քաղաքացիներին, որոնք, ինչպես հայտնի է, ընդդիմության համակիրների են, եւ այդ միջոցով նաեւ իրենց դժգոհությունն էին արտահայտում երկրի վիճակից։ Հավանական է, որ թե’ Սերժ Սարգսյանը, թե’ ոստիկանությունը ոչինչ էլ չեն հասկացել իրարից, իսկ եթե իշխանությունը սկսում է ոչինչ չհասկանալ, ապա անմիջապես դիմում է բռնությունների։ Համենայն դեպս` վախեցնելու համար։ Սակայն դա չի նշանակում, որ այն ամենը, ինչ անում են, այսինքն` ռեպրեսիաները, անում են չհասկանալով։ Իհարկե ոչ։ Անում են ինչ-որ բան չհասկանալուց, բայց արածը միանգամայն հասկանալով։ Իսկ եթե քաղաքացիները ինչ-որ բան չեն հասկանում այդ ամենից, դա արդեն իրենց խնդիրն է»։

«Իրավունք»-ը զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր (ՀՅԴ), քաղաքապետի ընտրություններում Դաշնակցության ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանի հետ։ Նա ասում է. - «Այս ընտրություններում յուրաքանչյուր ուժ պետք է ներկայացնի իր ծրագիր` առանց մյուսի նկատմամբ ագրեսիվություն ցույց տալու եւ սեւ պիառներ իրականացնելու։ Ամեն կերպ պետք է փորձենք իրար մեջ ընդհանրություններ գտնելը, եւ եթե մի լավ ծրագիր կառաջարկի ընդդիմությունը եւ այն, իմ գնահատմամբ, կարող է օգուտ տալ Երեւանին, ապա ես պատրաստ եմ այդ ծրագրի շրջանակներում համագործակցել։ Այսինքն` գլխավոր խնդիրը պետք է դնել ոչ թե նվաճել իշխանությունը եւ սեփական, խմբային շահերը առաջ տանել, այլ տեսնել, թե մայրաքաղաք Երեւանը ինչպիսի զարգացում է ունենալու։ Սրանք շատ ավելի կարեւոր են, քան թե նեղ կուսակցական շահերը. ամեն ինչի մեջ փնտրել քաղաքական ընդդիմախոսի, ես ճիշտ չեմ համարում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG