Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին, ասաց, որ իրենց նպատակը «ժողովրդի առավել ակտիվացմանը հասնելն է»։

«Ժողովրդի մեջ դեռ ինչ-որ ապատիա կա, դեռ կա ինչ-որ հիասթափված վիճակ, որ գնում են, իրենց ձայնը տալիս են, բայց հետո ընտրությունները կեղծվում են։ Ստեղծվում է մի վտանգավոր իրավիճակ, որ մարդիկ ուղղակի չգնան քվեարկելու», - ասաց Զուրաբյանը` այդուհանդերձ, հավելելով. - «Բայց, կարծում եմ, որ արդեն Տեր-Պետրոսյանի առաջադրումը եւ ցուցակի մեջ առաջինը լինելը կոտրել է այդ մթնոլորտը: Մարդիկ հասկացան, որ մենք շատ վճռականորեն ենք տրամադրված: Մենք արդեն զգում ենք այդ աշխուժացումը, մոբիլիզացիան: Հաջողության բանալին ակտիվությունն է»։

Հայ ազգային կոնգրեսի տվյալներով, գալիք ընտրություններում իրենք ակնհայտ առավելություն ունեն մյուս քաղաքական ուժերի նկատմամբ։

«Խոսքը ջախջախիչ հաղթանակի մասին է` եթե տեղի ունենային ազատ եւ արդար ընտրություններ», - հստակեցրեց Լեւոն Զուրաբյանը։ - «Սակայն խնդիրը հենց այն է, որ մենք գիտենք, որ այս իշխանությունները ունակ են ամենալայնամասշտաբ կեղծիքների, ուստի խնդիրը մենք ձեւակերպում ենք հետեւյալ կերպ` ինչպես պետք է այս ընտրակեղծիքների դեմը առնել»։

Ընտրակեղծիքների դեմ պայքարելու լավագույն միջոցը ՀԱԿ-ը համարում է քվեարկողների ակտիվությունը, ինչը, ըստ Զուրաբյանի, կնվազեցնի ընտրակեղծիքների հնարավորությունները։

Բացի այդ, ՀԱԿ-ն այսօր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` ստանալու համար ընտրողների ցուցակը

«Այս պահին մենք արդեն ունենք տվյալներ, որ այդ ընտրողների ցուցակը 8 հազարով ավելի է, քան ընտրողների ցուցակը նախագահական ընտրությունների ժամանակ Երեւանում», - հայտարարեց Զուրաբյանը` շարունակելով, որ այդ հավելումների դինամիկան ցույց կտա, թե «ինչ մասշտաբի ընտրակեղծիքների են պատրաստվում իշխանությունները»։

Նրա խոսքով, այսօր իրենք պայքարում են ոչ միայն քաղաքական հակառակորդի, այլեւ ընտրակեղծիքների մեքենայի դեմ: Հայ ազգային կոնգրեսը նամակներով դիմել է նաեւ միջազգային տարբեր կառույցների, որպեսզի վերջիններն իրենց ուշադրությունը սեւեռեն Երեւանի ավագանու ընտրություններին, որոնց «ընթացքը իրականում որոշելու է ժողովրդավարության ճակատագիրը Հայաստանում»։

«Այն հանգամանքը, որ իշխանությունները չեն հրավիրել ԵԱՀԿ-ի դիտորդներին, արդեն ցույց է տալիս, որ նրանք վախեցած են։ Նրանք չեն ցանկանում, որ լուրջ միջազգային վերահսկողություն լինի այդ ընտրությունների նկատմամբ», - ասաց ընդդիմադիր գործիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG