Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանի փորձաքննությունը ավարտական փուլում է


Շանթ Հարությունյան
Շանթ Հարությունյան

«Շանթ Հարությունյանի վիճակը նորմալ է, դատահոգեբուժական փորձաքննությունն ընթացքի մեջ է: Փորձաքննությունը շուտով կավարտվի, փորձաքննության եզրակացությունից առաջ այլ մանրամասներ հաղորդելու իրավասություն չունեմ»,- «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի տղամարդկանց բաժանմունքի վարիչ Աիդա Միխայլովան։

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Շանթ Հարությունյանը մարտի 17-ին տեղափոխվեց Առողջապահության նախարարության հոգեբուժական բժշկական կենտրոն ընկերության «Նուբարաշեն» կլինիկա` դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության համար։

Մարտի 9-ին «7-ի գործով» նիստում Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց` Շանթ Հարությունյանի մասով գործի վարույթը կասեցնելու մասին։ Նկատելով, թե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ամբաստանյալ Շանթ Հարությունյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ` դատավոր Մնացական Մարտիրոսյանը անհրաժեշտ համարեց նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն։

Վճռաբեկ դատարանի նախագահի մամուլի խոսնակ Ալինա Ենգոյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դատարանի որոշմամբ փորձաքննության ժամկետ սահմանված չէ, ժամկետ չի սահմանում նաեւ Քրեական դատավարության օրենսգիրքը. փորձաքննության ժամկետը կախված է հանձնաժողովի անդամ փորձագետների որոշումից։

«Հաշվի առնելով նման փորձաքննությունների պրակտիկան` դրանք, որպես կանոն, տեւում են մեկ ամսից առավելագույնը մեկուկես ամիս», - հավելեց Ալինա Ենգոյանը։

Shant Harutiunian
«Ես` Շանթ Հարությունյանս, հայտնում եմ, որ արդեն 24 օր է, ինչ գտնվում եմ Նուրաբարաշենի հոգեբուժարանում, որտեղ պահվում եմ անմարդկային պայմաններում։ Ուզում եմ նշել, որ 24 օր անընդմեջ ես զրկված եմ գեթ 10 րոպե զբոսնելու իրավունքից։ Փաստորեն, մոտ մեկ ամիս ես ո’չ արեւի երես եմ տեսել, ո’չ մաքուր օդ շնչել։ Գիշերները չեմ կարողանում քնել ցրտից։ Զրկված եմ տարրական կենցաղային պայմաններից։ Հայտարարում եմ, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն իմ նկատմամբ կայացրել է ոչ թե դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու որոշում, այլ ուղղակի դատավճիռ», - ասված է Շանթ Հարությունյանի` երեկ գրած հայտարարության մեջ։

Ավելի քան երեք շաբաթ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում գտնող Շանթ Հարությունյանի հարազատներին չէր հաջողվում տեսակցել նրա հետ: Այսօր երեկոյան հարազատներին, ի վերջո, հաջողվել է հանդիպել Հարությունյանին: Նրա կինը` Ռուզան Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ տեսակցությունը հնարավոր է դարձել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների եւ իրավապաշտպանների միջամտության շնորհիվ:

«Իրենք այդ հարցը կարգավորեցին, եւ մեզ կես ժամ տեսակցության թույլտվություն տվեցին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի կինը:

Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, որ երեկոյան Շանթ Հարությունյանին հանդիպել են իրավապաշտպան Վարդան Հարությունյանը եւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Վերջինս «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Շանթ Հարությունյանը ապրիլի 14-ին կտեղափոխվի «Վարդաշան» քրեակատարողական հիմնարկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG