Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանները վերահսկում են Հյուսիսային պողոտան


Երեկ երեկոյան ոստիկանները մի խումբ ընդդիմադիր երիտասարդների արգելել են զբոսնել Երեւանի Հյուսիսային պողոտայում: Ժամը 19:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայի հետ հատվող Թումանյան փողոցում տեղաբաշխված մի քանի տասնյակ ոստիկանները անցորդներից պահանջում էին անցնել փողոցի հակառակ մայթը` հեռացնելով Հյուսիսային պողոտայից:

«Անցեք դիմացի մա՞յթ... ի՞նչ եք ուզում մեր չոր հոգուց, մեր հողի վրա իրավունք չունե՞նք կանգնենք», - սրտնեղեց մի կին:

«37 թիվը եկել ա, հասել ա Երեւա՞ն», - դժգոհեց մեկ այլ` տարեց տիկին:

«Մենք քաղաքացիներից, շենքի բնակիչներից, անհատ ձեռներեցներից, մեր զբոսաշրջիկներից բողոքներ ունենք: Անհանգստացնում են, չեն թողնում ազատ շրջեն այս պողոտայով, աղմկում են` նրանք, ովքեր հավաքվում են, քաղաքական զբոսանքների մասնակիցները», - ոստիկանության գործողությունները մեկնաբանեց Պարեկապահակային ծառայության գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը:

Մելքոնյանի տեղակալ Վալերի Օսիպյանը ավելացրեց. - «Որոշ խանութներ սնանկ են ճանաչվել իրենց պատճառով: Ուրիշ քաղաքացիները վախենում են գան»:

Որոշ կանանց եւ երիտասարդների ոստիկանները թեւանցուկ ուղեկցում, հեռացնում էին Հյուսիսային պողոտայից: Հավաքված ընդդիմադիր երիտասարդների վկայությամբ, որոշ մարդկանց էլ մեքենաներով տարել են ոստիկանություն:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` ի՞նչ սկզբունքով է կատարվում ոստիկանություն տանելու ենթական անձանց ընտրությունը, Պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարը պատասխանեց. - «Թքեց ոստիկանի վրա... ինչ է, ուզում եք ոստիկանը պատասխան ժեստո՞վ հանդես գա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG