Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյան. «Այս ամբողջը փուչիկ է»


Գրեթե չորս ամիս նախապատրաստական աշխատանքներ տանելուց, մեղադրանքներ փոխելուց եւ վերացնելուց հետո, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր վերջապես անցավ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի մասով քրեական գործի դատաքննության փուլին:

Մեղադրողներն ընթերցեցին մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որը Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի գնահատմամբ «7-ի գործով» հնչեցված եզրակացությունից « ըստ էության, չէր տարբերվում»:

«Իրենք, որ այս մեղադրական եզրակացությունը կազմել էին, դեռեւս գործերը մասնատված չէին, բայց փաստացի` այսօր մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում իրական իրավիճակին ոչ միայն բովանդակային առումով, որին դեռ գնահատական կտրվի, այլ զուտ տեխնիկական», - նշեց Սիմոնյանը:

«Ըստ մեղադրական եզրակացության, կա [զանգվածային անկարգություններ կազմակերպող] խումբը, բայց փաստացի` դատարանի որոշմանը հետեւելով այդ խումբը բացառված է», - մեկնաբանեց Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպանը:

Ալեքսանդր Արզումանյանը եւ Սուրեն Սիրունյանը իրենց մեղավոր չճանաչեցին, հայտարարելով, որ սա «շինծու, նկարած, իրականությանը չհամապատասխանող» գործ է:

«Ընդամենը, որ պարզ լինի, որ այս ամբողջը փուչիկ է, ձեզ մի փաստ ասեմ: Ես մարտի 1-ին չեմ եղել Մյասնիկյանի հրապարակում մինչեւ ժամը 21-ը: Այսինքն, այն ինչ կարդում էին, որեւէ առնչություն չի կարող ունենալ այն մարդու հետ, որը առավոտից չի եղել այդ տեղում, որտեղ, ըստ իրենց, զանգվածային անկարգություններ են կազմակերպվել, եւ դա ապացուցում են հենց իրենց, այսպես կոչված` հիմնավորումները», - հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:

Մեղադրական նախկին եզրակացությամբ, որը 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող 7 ընդդիմադիր գործիչների մեղադրանք էր ներկայացվել պետական իշխանությունը բռնությամբ զավթելու նպատակով սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

Ապրիլի 1-ին կայացած նիստում, հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները, դատավորը փոխել էր առաջադրված մեղադրանքները։ 300 հոդվածի 1-ին մասով` «պետական իշխանությունը յուրացնելու հատկանիշներով» մեղադրանքը ընդհանրապես հանվել էր, իսկ 225 հոդվածի 3-րդ մասով մեղադրանքը` «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելը» փոխարինվել էր 225 հոդվածի 1-ին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նաեւ որոշել էր «7-ի գործով» մեղադրվող անձանց գործերը տարանջատել եւ առանձին վարույթներով քննության ուղարկել տարբեր դատարաններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG