Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին


Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, 9 ապրիլի, 2008 թ.

Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, 9 ապրիլի, 2008 թ.

Մեկ տարի առաջ` 2008 թվականի ապրիլի 9-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Սերժ Սարգսյանն իր խոսքն ավարտեց «Առա'ջ, Հայաստան» կարգախոսով:

Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ նախագահի երդմնակալության արարողությունից հետո Հայաստանն առաջ է շարժվել, Սերժ Սարգսյանը գործել է «նախընտրական խոստումների տրամաբանությամբ»:

«Իրականացվեցին բարեփոխումներ տարբեր ոլորտներում, ներքին քաղաքականության մեջ, թե´ ժողովրդավարության զարգացման, թե´ Ազգային ժողովում: Մենք տեսանք, որ հանրապետության նախագահը ազնիվ է ժողովրդի հետ, պարզ նայեց ժողովրդի աչքերի մեջ եւ ասաց, որ, այո´, կան պրոբլեմներ», - նշեց Շարմազանովը:

Կարելի՞ է խոսել ժողովրդավարության մասին, երբ իրավապաշտպան կազմակերպությունները նշում են քաղաքական դրդապատճառներով կալանավորվածների առկայության մասին, «Ա1+» հեռուստաընկերությունը եթերազրկված է, պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում Հյուսիսային պողոտայում: Այս հարցին Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. - «Պրոբլեմների առկայությունը չի խոսում այն մասին, որ մենք չպետք է առաջ շարժվենք, չպետք է լուծենք այդ պրոբլեմները»:

Էդուարդ Շարմազանով, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ
«Ամենակարեւորը` նախագահը հավատարիմ մնաց իր խոստմանը եւ ինքը բոլորի նախագահն է, գնաց երկխոսության ճանապարհով, հրավիրեց երկու կլոր սեղան` 50-ից ավելի կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ստեղծվել է Հանրային խորհուրդը», - հավելեց Հանրապետական կուսակցության խոսնակը:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, սակայն, համաձայն չէ. - «Մեկ տարի է անցել, ի՞նչ ունենք մենք հիմա: Ամեն ինչ արվում է պարտակելու մարտի 1-ի ոճրագործությունը, պատանդ են պահվում հիսունից ավելի քաղաքական բանտարկյալներ: Շարունակվում են հալածանքները ընդդիմության եւ ազատ մտածող ցանկացած քաղաքացու նկատմամբ, որեւէ ռեալ քայլ հասարակության ներսում եղած անվստահությունը վերացնելու ուղղությամբ չի արվել»:

Շարմազանովը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ հանրապետության նախագահը այս հարցի շուրջ հստակորեն ասել է. - «Հայաստանում չպետք է լինեն մարդիկ, ովքեր կդատապարտվեն քաղաքական դրդապատճառներով: Կա դատարան: Դատարանը թող զբաղվի այդ հարցերով»:
XS
SM
MD
LG