Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմադիր 15 կուսակցությունների ղեկավարները այսօրվանից Թբլիսիում սկսված հանրահավաքի ժամանակ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին անհապաղ հրաժարականի պահանջ ներկայացրեցին:

Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարների թվի մասին ստացվող տվյալները հակասական են. ոստիկանությունը նշում է 25-30 հազար, իսկ ընդդիմության կողմնակիցները պնդում են, թե խորհրդարանի մոտ 100 հազար ցուցարար կա:

Ընդդիմության կողմնակիցները հավաքվել են նույն վայրում, որտեղ ուղիղ 20 տարի առաջ այս օրը տեղի ունեցան Վրաստանի անկախացումը պահանջող ցուցարարների եւ խորհրդային բանակի բախումները, որոնք 16 մարդու կյանք խլեցին:

Այսօր վաղ առավոտյան ինչպես նախագահ Սահակաշվիլին, այնպես էլ նրա հրաժարականը պահանջող ընդդիմության առաջնորդները միասին եկել էին Ռուսթավելի պողոտա` հարգելու 1989-ի զոհերի հիշատակը: Եվ քանի դեռ վրաց պատրիարք Իլիա երկորոդը հոգեհանգստյան արարողություն էր մատուցում, կողք-կողքի կանգնած էին երկրի նախագահն ու նախագահական ընտրություններում ընդդիմության նախկին թեկնածու Lեւան Գաչեչիլաձեն, առաջին տիկին Սանդրա Ռուլովսն ու խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:

Օրվա երկրորդ կեսին, սակայն, Թբիլիսիի կենտրոնում սկսվեց ընդդիմադիրների նախաձեռնած ակցիան:

Ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին առավոտյան որոշ պարզաբանումներ էր տվել ոստիկանության որդեգրած մարտավարության վերաբերյալ` ասելով. - «Մեր նպատակը բռնարարքներ թույլ չտալն է: Այդ իսկ պատճառով, ոստիկանական ուժերի գործողությունները սահմանափակել ենք պետական կառույցների պաշտպանությունը կազմակերպելով: Որոշեցինք հենց այս խնդրի վրա կենտրոնանալ, որպեսզի արմատական ընդդիմության որոշ խմբեր ոստիկանական ներկայության փաստը որպես առիթ չօգտագործեն հակամարտություն հրահրելու նպատակով»:

Մերաբիշվիլիի խոսքով` բախումներ կլինեն միայն մի դեպքում, եթե ընդդիմությունը որոշի գրոհել կառավարական շինությունները:

Ընդդիմության կողմնակիցները, սակայն, արդեն մի քանի ժամ է, ինչ շարունակում են իրենց խաղաղ հանրահավաքը Ռուսթավելի պողոտայում եւ որեւէ ագրեսիվ գործողության չեն դիմում:

Առաջինն այսօր ցուցարարներին դիմեց Lեւան Գաչեչիլաձեն` հայտարարելով. - «Միխեիլ Սահակաշվիլին պայքարում է վրացական եկեղեցու, վրացական արժեքների դեմ: Նա մասնատեց Վրաստանը, եւ մենք պետք է այնքան ժամանակ կանգնած մնանք այստեղ, մինչեւ նա հեռանա»:

Երբ խոսափողին մոտեցավ Նինո Բուրջանաձեն, հավաքվածները նրան դիմավորեցին սուլոցներով ու վիրավորական բացականչություններով:

«Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր վիրավորված են ինձանից: Ես հասկանում եմ մարդկանց, ովքեր ակնկալում էին, որ իրենց պաշտպան կկանգնեմ 2007 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձությունների ժամանակ: Ես հայցում եմ ձեր ներողամտությունը, որ չկարողացա պաշտպանել ձեզ», - ասաց խորհրդարանի նախկին խոսնակը:

«Հանուն Վրաստանի» դաշինքի ղեկավար, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան հայտարարեց. - «Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի երկրի իշխանություններին ցույց տանք մեր միասնականությունը: Սահակաշվիլին խոստանում էր, որ կմիավորի Վրաստանը: Այսօր, սակայն, Վրաստանում կա մի միասնություն` դա այստեղ հավաքված մարդիկ են: Եկել է պահը, որպեսզի մենք ասենք իշխանավորներին` հեռացեք եւ թողեք, թող նոր ընտրություններ կայանան»:

Ընդդիմության կողմնակիցները նախկին բարձրաստիճան դիվանագետի առաջին հանրահավաքային այս ելույթըը ընդունեցին մեծ ջերմությամբ:

Վրաստանում անցկացված վերջին սոցհարցումները վկայում են, որ Ալասանիան ընդդիմության ամենից մեծ ժողովրդականություն վայելող գործիչն է:

Երեկոյան էլ ընդդիմության հանրահավաքը շարունակվում է: Կազմակերպիչները խոստանում են չհեռանալ հրապարակից, մինչեւ չհասնեն Սահակաշվիլիի հրաժարականին: Երկրի ղեկավարին ընդդիմության կողմնակիցները 24 ժամ են տվել` պաշտոնը հոժարակամ լքելու համար:

Վրաստանի նախագահը, սակայն, եվրոպացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացառել է թե կամավոր հրաժարականի եւ թե հեղաշրջման հավանականությունը:

«Հեղաշրջումներ լինում են, երբ ոստիկանության կամ բանակի շրջանում պառակտում կա: Նման զարգացումներ լինում են, երբ խորհրդարանում քաղաքական ճգնաժամ կա: Մեզանում թվարկված գործոններից եւ ոչ մեկը չկա», - հայտարարել է Սահակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG