Մատչելիության հղումներ

Թուրքիայում մեկնաբանում են Օբամայի խոսքերը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, 6 ապրիլի, 2009
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, 6 ապրիլի, 2009
Պատմաբան Հալիլ Բերքթայը Օբամայի վարչակազմից ակնկալում է դրական, հաստատուն աջակցություն հայ - թուրքական հաշտեցմանը, սահմանի բացմանը, ինչպես նաեւ վստահության մթնոլորտ ստեղծելու այլ միջոցառումներին: Նա կարծում է, որ Օբաման հստակ չի ասի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` խորհուրդ տալով, որ դրա լավագույն լուծումը կարող են գտնել թուրքերն ու հայերը, որ այդ հարցի կապակցությամբ ազատ խոսքն ու ուսումնասիրությունները Թուրքիայի ու նաեւ Հայաստանի ներսում կարող են առանցքային դերակատարություն ունենալ: Բերքթայը նաեւ գտնում է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը խորհուրդ կտա, որ, ի վերջո, ավելի լավ է, որ երկրները ճանաչեն եւ ընդունեն իրենց անցյալի վատ իրադարձությունները, քան թաքցնեն ու ժխտեն դրանք, ու նման ճանաչումը չպետք է պարտադրվի դրսից:

Lրագրող ու բանասեր Այշե Հուրի կարծիքով` հանուն Միացյալ Նահանգների ռազմավարական մեծ նպատակների Օբաման չի օգտատործի «ցեղասպանություն» բառը, փոխարենը կպնդի, որ բացվի հայ - թուրքական սահմանը եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն հարեւան երկրների միջեւ:

Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ ու լրագրող Բասքըն Օրանի կարծիքով` հայ - թուրքական հարաբերությունները կկարգավորվեն` դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանի բացում, նույնիսկ եթե չլիներ Օբամայի այցելությունը: Դա հնարավոր է, գտնում է Օրանը` նշելով, որ, այդուհանդերձ, Օբամայի այցը կուժեղացնի կառավարության դիրքերը ազգայնական ընդդիմության դեմ պայքարում:

1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական տեսակետի հենարանը հանդիսացող Թուրքական պատմական հաստատությունից Քեմալ Չիչեքը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների քաղաքականությունը ընդհանրապես չի փոխվի: Ըստ նրա` ԱՄՆ-ի վարչակազմը հավասարակշռություն կպահպանի երկու երկրների հետ հարաբերություններում, սակայն հայկական սփյուռքի ցանկությանը ընդառաջ չի գնա եւ ապրիլի 24-ի իր ուղերձում չի օգտագործի «ցեղասպանություն» բառը: «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի նախագահը կպաշտպանի 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու համար համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը», - ասել է Չիչեքը:

Իրավապաշտպան եւ լրագրող Այշե Գյունայշուի կարծիքով` Օբաման չպետք է քաջալերի Թուրքիային, որը շարունակում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությունը եւ վիրավորում զոհերի հիշատակը: «Թուրքիայի իշխանությունները, նաեւ գործարար կազմակերպությունները, մասնավոր ու հանրային կառույցները նախագահ Օբամային կոչ են անում ճնշում չգործադրել Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Նրանք չեն ներկայացնում ինձ եւ չեն ներկայացնում ինձ պես մտածող շատերին: Ես թուրք եմ եւ ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է պաշտոնապես ճանաչի ցեղասպանությունը», - հայտարարել է Այշե Գյունայշուն եւ ավելացրել. - «Մենք հաճախ ենք լսում պաշտոնական կամ պաշտոնականին մերձ շրջանակներից, որ ցեղասպանության մեղադրանքը վնասում ու վիրավորում է թուրք ժողովրդին: Ես թուրք եմ եւ ես ինձ վիրավորված եմ զգում ցեղասպանության ժխտումից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG