Մատչելիության հղումներ

logo-print

Վլադիմիր Վորոնին. «Ռումինիան ներգրավված է»


Քիշնեւ. ոստիկանները պահպանում են խորհրդարանի շենքը, 8 ապրիլ, 2009

Քիշնեւ. ոստիկանները պահպանում են խորհրդարանի շենքը, 8 ապրիլ, 2009

Մոլդովայի իշխանությունները հայտարարում են, թե վերահսկողության տակ են առել իրավիճակը Քիշնեւում, որտեղ երեկ գիշեր խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկող ընդդիմադիրները զանգվածային անկարգություններ ու բողոքի ցույցեր էին կազմակերպել:

Proteste anticomuniste la Chisinau
Ցուցարարները պնդում էին, թե ընտրություններում հաղթանակ տարած կոմունիստները` նախագահ Վլադիմիր Վորոնինի գլխավորությամբ, բազմաթիվ կեղծիքներ են արել, եւ պահանջում էին կրկին հաշվարկել ձայները:

Բողոքի խաղաղ ցույցը երեկոյան վերածվել էր բռնությունների, ընդդիմադիրները գրավել, հրկիզել ու ջարդել էին նախագահան նստավայրի եւ կառավարության շենքերի ապակիները: Գիշերը իրավապահներին հաջողվել է հսկողության տակ առնել դրությունը:

Ըստ նախագահի` 118 մարդ ձերբակալվել է, հարյուրավոր մարդիկ վիրավորվել, այդ թվում` ոստիկանական ուժերից:

«Եթե երեկ տեղի ունեցած անկարգությունները կրկնվեն, իշխանությունները ուժ կկիրառեն», - այսօր հայտարարել է նախագահ Վորոնինը եւ անկարգությունները կազմակերպելու մեջ մեղադրել հարեւան Ռումինիային. այս երկրի հետ Մոլդովան այլեւս վիզային ռեժիմ է սահմանել, իսկ Ռումինիայի դեսպանը հայտարարվել է անցանկալի անձ (persona non grata):

«Ռումինիան ներգրավված է այս գործընթացներում, եւ նրանց կողմից լրջորեն իրականացված քարոզչական աշխատանքը ակնհայտ է», - հայտարարել է այսօր Վլադիմիր Վորոնինը, որը խորհրդային Մոլդովայի ներքին գործերի նախարարն էր:

Վորոնինը այսօր լուրջ աջակցություն է ստացել պաշտոնական Մոսկվայի կողմից. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովը հայտարարել է, թե նոր ընտրություններ անցկացնելու` ընդդիմության պահանջը անհիմն է, քանի որ, ըստ դիտորդների, անցած կիրակի տեղի ունեցած քվեարկությունը համապատասխանել է ժողովրդավարության չափանիշներին:

«Քիշնեւում երեկ տեղի ունեցած անկարգությունները երկրի պետականությունը խարխլելու փորձ էին», - հայտարարել է պաշտոնական Մոսկվան եւ քննադատության սլաքն ուղղել Ռումինիայի հետ միավորվել ցանկացող ուժերի վրա: «Երեկ ցուցարարների ձեռքում բազմաթիվ ռումինական դրոշներ էին ծածանվում», - ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարությունը այսօր տարածած հայտարարության մեջ:


(Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայության)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG