Մատչելիության հղումներ

Հարություն Քուշկյան. «Մենք բոլորս Երեւանի ավագանու թեկնածուներ ենք»


Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը, գտնում է, որ առաջիկա ընտրություններում «խոսքը քաղաքապետի պաշտոնի մասին չէ»։

Մայիսի 31-ին կայանալիք ավագանու ընտրություններում ընտրողների ձայների կեսից ավելին ստացած քաղաքական ուժի ցուցակի առաջին համարը կդառնա Երեւանի քաղաքապետ, իսկ եթե որեւէ կուսակցություն կամ դաշինք չստանա ձայների կեսից ավելին, քաղաքապետին կընտրի ավագանին։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաղթանակի դեպքում առողջապահության նախարարը կնախընտրի՞ քաղաքապետի պաշտոնը, Հարություն Քուշկյանը պատասխանեց. - «Այս պահին խոսքը քաղաքապետի պաշտոնի մասին չէ. մենք բոլորս Երեւան քաղաքի ավագանու թեկնածուներ ենք ու լուրջ հայտով ենք հանդես եկել։ Մեր կուսակցության եւ պարոն Ծառուկյանի անձնական որոշումամբ` քաղաքական, ես գլխավորում եմ մեր ցուցակը»։

Այդուհանդերձ, Քուշկյանը, ով երկար տարիներ ղեկավարել է Էրեբունի բժշկական կենտրոնը, նշեց, որ իր համար «ամենահոգեհարազատ պաշտոնը» Էրեբունի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի պաշտոնն է։

Ապրիլի 7-ի` առողջության համաշխարհային օրվա առիթով Հարություն Քուշկյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի ազգաբնակչության առողջական վիճակը «բավարար է, բայց կարիք ունի խիստ բարելավելու»։

Առողջապահության նախարարը նաեւ հիշեցրեց, որ «բավականին դրական» հաջողություններ կան ծննդօգնության ոլորտում։

«Ոչ մի ճգնաժամ, ոչ մի դժվարություն ինձ չի կանգնեցնելու` այդ համակարգը [առողջապահության] առաջ է գնալու», - հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG