Մատչելիության հղումներ

Ապրիլի 7-ի մամուլ


Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` Թուրքիայում արած հայտարարություններին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ` «Ազգ» օրաթերթը գրում է. - «Թուրքական քաղաքական շրջանակներն, անշուշտ, հիասթափված են։ Պետք է հիասթափված լինեն նաեւ Հայաստանում հետեւողականորեն թուրք-ադրբեջանական քարոզչություն ծավալողները եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նախագահ Օբամայի անկեղծությունը ցանկատեսությամբ կասկածի տակ դնողները»:

«Հայկական ժամանակ»-ը, արձանագրելով, որ Օբաման, այնուամենայնիվ, չի արտասանել ցեղասպանություն բառը, նշում է. - «Բարաք Օբաման, փաստորեն, ճարպկորեն շրջանցել է ցեղասպանություն բառը։ Այսինքն, ԱՄՆ-ի նախագահը հստակ հասկացրել է, որ անկախ նրանից, թե ինքն ինչ դիրքորոշում ունի, այս պահին առավել կարեւոր է հայ-թուրքական երկխոսությունը, որը կարող է կասեցվել, եթե ինքն օգտագործի այդ բառը։ Ցեղասպանություն բառը չօգտագործելով` Օբաման խոսքեր չի խնայել` գովելու Աբդուլա Գյուլի դերը հայ-թուրքական երկխոսության ծավալման գործում»։

«Թուրք-ադրբեջանական թատրոնը եւ Հայաստանը» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Բարաք Օբամային այցելության նախօրեին պաշտոնական Անկարան «հանկարծ» հիշեց հայ-թուրքական սահմանի բացումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին շաղկապելու անհրաժեշտությունը, իսկ Միացյալ Նահանգների նախագահի Թուրքիայում գտնվելու օրերին ողջ աշխարհը դարձավ հայ-թուրքական սահմանը չբացելու պահանջով այդ երկրում սկիզբ առած բողոքի բողոքի զանգվածային ցույցերի ականատեսը։ Թուրքիայի պետական մեքենայի բեմադրած այս ողջ ներկայացմանը «սինխրոն» մասնակցում էր նաեւ Ադրբեջանը։ Վերջին օրերին պաշտոնական Բաքուն նույնպես սկսեց ներկայացնել թուրք-ադրբեջանական թատրոնի սեփական «խաղացանկը» եւ հայ-թուրքական սահմանը բացելու պարագայում Անկարային «սպառնալ» գազամատակարումների դադարեցման հեռանկարով»։

«168 ժամ» թերթը, նշելով, որ Օբաման Ստամբուլում հարեւանցիորեն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման գործում Թուրքիայի հնարավոր մասնակցությանը, եզրակացնում է. - «Միացյալ Նահանգների նախագահի դիրքորոշումն այլ կերպ հետեւյալն է. հայերն ու թուրքերը իրար հետ լեզում են գտնում, նույնիսկ պատմական հարցերի շուրջ հանձնաժողով են ուզում ստեղծել, ես ինչո՞ւ պետք է վատամարդ դառնամ եւ խոչընդոտեմ հարեւան երկրների բարեկամացմանը»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG