Մատչելիության հղումներ

Այսօր 15 հազար զինվորականներ եւ ոստիկաններ խստագույն հսկողության տակ են վերցրել Ստրասբուրգը: Նույն վիճակը Ստրասբուրգի անմիջական հարեւան Քելե գերմանական ավանում է: Այդ երկու քաղաքներում տեղի են ունենում ՆԱՏՕ-ի հիմնադրման 60-ամյակին նվիրված երկօրյա գագաթնաժողովի միջոցառումները, որոնց առթիվ բողոքի ակցիաներ են անցկացնում տասնյակ հազարավոր ցուցարարներ:

1949 թվականի ապրիլի 4-ին ՆԱՏՕ-ն ստեղծել են 12 պետություններ` ԱՄՆ-ը, Բելգիան, Կանադան, Դանիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Իտալիան, Հոլանդիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Պորտուգալիան եւ Մեծ Բրիտանիան: ՆԱՏՕ-ի պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն, Հյուսիս-ատլանտյան դաշինքը բաց է այլ երկրների համար:

1952-ին դաշինքին միացել են Հունաստանը եւ Թուրքիան, 55-ին` Գերմանիայի դաշնային հանրապետությունը, 1982-ին ՆԱՏՕ-ին անդամակցել է Իսպանիան: 1990 թվականին Գերմանիան վերամիավորվել է, ինչի արդյունքում նախկին սոցիալիստական հատվածն էլ է ընդգրկվել ՆԱՏՕ-ում:

Դաշինքի ընդարձակումը շարունակվել է. 1999-ին ՆԱՏՕ-ին անդամակցել են Լեհաստանը, Չեխիան եւ Հունգարիան, 2004-ին` Բուլղարիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան եւ Սլովենիան, 2009-ի ապրիլի 1-ին անդամակցել են Ալբանիան եւ Խորվաթիան:

Անցյալ տարի Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հավաստիացրել է, որ Մակեդոնիան կանդամակցի դաշինքին այն բանից հետո, երբ կլուծի երկրի անվան շուրջ Հունաստանի հետ ունեցած վեճը, Բոսնիա-Հերցեգովինան եւ Չերնոգորիան անդամակցության հարցով ակտիվ երկխոսության փուլում են: Բուխարեստում նաեւ հայտարարվել էր, թե ապագայում ՆԱՏՕ-ի անդամ կդառնան Ուկրաինան եւ Վրաստանը:

Հայաստանը տարբեր առիթներով հայտնել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի եւ դաշինքի հետ ակտիվորեն համագործակցում է «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

Այս գագաթնաժողովում կազդարարվի, որ Ֆրանսիան վերադառնում է ՆԱՏՕ-ի ռազմական կառույց, որից դուրս էր եկել 1966 թվականին, այդպես բողոք հայտնելով Եվրոպայում հետզհետե գերիշխող դարձող Միացյալ Նահանգների ազդեցության դեմ:

Գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են նաեւ ներկայիս հրատապ խնդիրները, սպառազինությունների կրճատումը, իրավիճակը Աֆղանստանում եւ Պակիստանում, ինչպես նաեւ անցյալ տարվա օգոստոսյան ռուս-վրացական բախումներից հետո Ռուսաստանի հետ խաթարված հարաբերությունները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG