Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյան. «Պաշտոնական վարկածը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնապես վախճանվեց»


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ` Հայաստանի իշխանությունների վարկածը անցած տարվա մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «պաշտոնապես վախճանվեց» Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի երեկվա որոշմամբ, որով առանձին վարույթների բաժանվեց մինչեւ այդ միավորված քրեական գործը:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ապրիլի 1-ի դատական նիստում որոշում է կայացրել «7-ի գործով» մեղադրվող 6 անձանց գործերը տարանջատել եւ առանձին վարույթներով քննության ուղարկել տարբեր դատարաններ:

«Իշխանությունները եւ դատական համակարգը, ինչքան էլ որ նրանք հանցագործ են եւ կեղծարար, ընդունեցին վերջապես, որ ընդդիմությունը չի պլանավորել հեղաշրջում, չի պլանավորել սահմանադրական կարգի տապալում, չի փորձել յուրացնել իշխանությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց Զուրաբյանը:

Գործով պաշտպանություն իրականացնող փաստաբանները պնդում են, որ որոշումն ընդունած դատավորը խախտել է օրենքի մի շարք պահանջներ, եւ հենց այդ հիմքով էլ իրենք բողոքարկելու են որոշումը:

Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, իշխանությունները նախկին մեղադրանքներից հրաժարվել են «համաժողովրդական շարժման ճնշումների եւ միջազգային կազմակերպությունների պահանջների ներքո»:

Հիմա, սակայն, ըստ Զուրաբյանի նոր հարց է ծագում. - «Այդ դեպքում ինչի՞ համար էր մարտի 1-ին իշխանությունը կիրառում ուժ: Այս ամենից հետո պարզ է, որ դա որեւէ արդարացում չուներ: Եվ իշխանությունը ուղղակի հարձակվել է խաղաղ ցուցարարների վրա»:

«Մեկ այլ հարց է ծագում», - շարունակեց Հայ ազգային կոնգրեսի համակարգողը: - «Դուք գիտեք, որ սպանությունների պատասխանատվությունը արհեստականորեն դրվել էր ընդդիմության վրա: Հիմա այդ մեղադրանքն էլ է հանված: Փաստերի ճնշման տակ իշխանությունները ընդունեցին, որ շինծու էր նաեւ այդ մեղադրանքը: Իսկ ո՞վ է պատասխան տալու այդ սպանությունների համար: Սպանվածների հարազատները փնտրում էին արդարադատություն այս դատավարությունում: Չգտան այն, եւ հիմա արդարացի պահանջ են դնելու. ո՞վ է պատասխանատու այդ ամենի համար»:

Հարցին, թե ինչ է ձեռնարկելու ընդդիմությունը, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսը, որպեսզի տրվեն այդ հարցերի պատասխանները, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ, առաջին հերթին, ակտիվորեն շարունակելու են աշխատանքները փաստահավաք խմբում, որտեղ «լրջորեն բացահայտվում են փաստերը», եւ շարունակեց. - «Մենք շարունակելու ենք հետամուտ լինեն այս գործերին, որովհետեւ իրավական, քաղաքական բոլոր հիմքերը, որոնք իշխանությունները բերում էին որպես արդարացում իրենց գործողությունների համար, տապալվել են, բայց նրանք շարունակում են տղաներին պահել բանտում: Ամբողջ տրամաբանությունը նրանց գործողությունների այն է, որ դիմեն ինչ-որ հնարքների` տղաներին բանտում պահելու համար»:

«Իշխանությունների միակ մտահոգությունն այն է, որ նրանց նահանջը չնմանվի կապիտուլյացիայի, եւ միակ պրոբլեմը, որ այսօր ունեն, դա այն է, որ այսօր [բաց] չթողնեն քաղբանտարկյալներին, որովհետեւ դա կհզորացնի համաժողովրդական այս շարժումը», - եզրափակեց նա:

Մարտի 1-2-ի դեպքերը ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դատարանի երեկվա որոշման կապակցությամբ ասաց. - «Ես չեմ կարծում, որ քաղաքական կուսակցության անդամը պետք է փորձի դատական պրոցեսներին քաղաքական գնահատական տալ: Ես այս պահին չեմ ընկալում դրա քաղաքական վեկտորը»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով նույնպես հարցը պետք է դիտարկել միայն իրավական դաշտում. - «Ես այստեղ չեմ տեսնում կոնկրետ քաղաքական գնահատականի խնդիր: Հարցը իրավական դաշտում է եւ պետք է ստանա իրավական լուծում»:

Զոհրաբյանը հավելեց, թե «կոնկրետ իր համար» կան «անհասկանալի իրավական դրվագներ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG