Մատչելիության հղումներ

logo-print

18 նկար է գողացվել Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից


Մարտի 31-ի գիշերը Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից գողացվել են Մարտիրոս Սարյանի, Մարիամ Ասլամազյանի, Գեւորգ Բաշինջաղյանի եւ այլոց վրձնին պատկանող 18 կտավներ:

Պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի տնօրեն Մանվել Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հանցագործները «շենքի կողային մասի պատուհանը կոտրել են եւ մտել են շենք»:

Վարդանյանը հավելեց, որ անվտանգության համակարգ մասնաճյուղը չունի, պահպանությունն իրականացնում են գիշերային պահակները: Գողության օրը, սակայն, պահակը ժամը 3-ից հետո տեղում չի եղել. - «Վատ է զգացել իրեն [պահակը], գնացել է տուն»:

Վարդանյանը նաեւ փոխանցեց, որ հարուցվել է քրեական գործ, եւ հույս հայտնեց, որ գողացված նկարները կգտնվեն:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մարզերում գործող 9 ցուցասրահները չունեն անվտանգության համակարգեր:

«Ինձ համար շատ զարմանալին նա էր, որ երբ խոսում ենք քաղաքապետերի, մարզպետների հետ, ինչքան մեծ անտարբերություն է լինում», - ասաց նա` Հրազդանում տեղի ունեցածի համար էլ մեղադրելով մասնաճյուղի աշխատակիցներին: - «Ամենացավալին այն է, որ տարիների ընթացքում նրանք չեն աշխատել այնպես, ինչպես պետք է»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG