Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը այցելեց «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայան


Չեխիա. ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում
Չեխիա. ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում

Կիրակի օրը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայան այցելեց Միացյալ Նահանգների պետքարտուղար, Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի նախագահ Հիլարի Քլինթոնը։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նորակառույց շենքում շրջելուց եւ ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինի հետ զրուցելուց հետո Հիլարի Քլինթոնը հանդիպեց ռադիոկայանի աշխատակազմի հետ։

Իր ելույթում ԱՄՆ-ի պետքարտուղարը բարձր գնահատեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի դերը աշխարհում ժողովրդավարության տարածման եւ ամրապնդման գործում։

«Վերջին անգամ ձեզ 12 տարի առաջ եմ հանդիպել [որպես ԱՄՆ-ի առաջին տիկին], այդ ընթացքում դուք տեղափոխվել եք այս հոյակապ գերարդիական շենքը, ստեղծել եք Իրաքի, Իրանի, Հյուսիսային Կովկասի եւ Աֆղանստանի ծառայությունները, ապահովել եք լսարանի շեշտակի աճ եւ շարունակում եք մրցունակ լինել մամուլի արագ փոփոխվող դաշտում։ Դրանք` լուրջ նվաճումներ են»,- ասաց ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը։ - «12 տարի առաջ իմ ելույթը հիմնականում նվիրված էր ժողովրդավարության եւ ազատության տարածմանը աշխարհում։ Այսօր` շուրջ մեկ տասնամյակ անց, այդ հարցը շատ ավելի հրատապ է, իսկ ձեր կատարած աշխատանքը` շատ ավելի կարեւոր»։

Ընդգծելով, որ ռադիոկայանի աշխատակիցները հաճախ բռնությունների եւ հետապնդումների են ենթարկվում` Հիլարի Քլինթոնը նրանց երախտագիտություն հայտնեց իրենց մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարելու համար։

Պետքարտուղարը վստահեցրեց, որ ամերիկյան ներկայիս վարչակազմը ուշադրության կենտրոնում կպահի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը եւ նրա գործունեությունը։

Պետքարտուղարը նաեւ հարցազրույց տվեց ռադիոկայանի աֆղանական ծառայությանը եւ պատասխանեց ունկնդիրներից ստացված հազարավոր հարցերից մի քանիսին։

«Եթե նրանք, ովքեր առաջինը սկսեցին բռնությունների այս ալիքը, կանգ առնեն, ինչին եւ մենք ձգտում ենք, այդ ժամանակ կդադարեն նաեւ Միացյալ Նահանգների, մեր դաշնակիցների եւ աֆղանական բանակի ռազմական գործողությունները։ Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգների նախագահի որդեգրած նոր ռազմավարությամբ կկարողանանք վերջապես համոզել թալիբներին եւ ծայրահեղական մյուս խմբավորումներին` վերադառնալ բնականոն կյանքի եւ մասնակցել նոր, ամուր եւ անվտանգ Աֆղանստանի կառուցմանը», - մասնավորապես, հայտարարեց Հիլարի Քլինթոնը` վստահեցնելով. - «Միացյալ Նահանգները չի ուզում գրավել Աֆղանստանը, մենք չենք ուզում մշտական ռազմաբազաներ ունենալ այդ երկրում եւ թելադրել Աֆղանստանի ժողովրդին իր ապագան։ Մենք ուզում ենք աֆղանական կառավարության եւ բանակի հետ համատեղ անվտանգ եւ ապահով միջավայր ստեղծել մարդկանց համար, որպեսզի նրանք կարողանան խաղաղության մեջ կրթել իրենց երեխաներին եւ կայացնել որոշումներ, որ ճիշտ են համարում»։

Պետքարտուղարը շեշտեց, որ Միացյալ Նահանգների նոր ռազմավարությունը` Աֆղանստան հավելյալ 17 հազար զինծառայող ուղարկելու վերաբերյալ, հենց այդ նպատակն է հետապնդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG