Մատչելիության հղումներ

logo-print

Արծվիկ Մինասյան. «Միայն նախագահը կարող է երաշխավորել, որ վարչական ռեսուրս չի գործադրվի»


Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում իշխող կոալիցիային մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակը գլխավոր Արծվիկ Մինասյանը, հնչեցնելով իր մտահոգությունը ընտրությունների ընթացքում վարչական լծակների օգտագործման մասին, հայտարարեց, որ վարչական ռեսուրսը չօգտագործելու երաշխիք կարող է տալ միայն երկրի նախագահը:

«Վարչական լծակ է փորձ արվում գործադրել», - «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց Մինասյանը: - «Մեր կուսակցության ներկայացուցիչները այդ հարցը բարձրացրել են նաեւ կոալիցիոն գործընկերների մոտ: Այս երաշխիքը կարող է տալ միայն հանրապետության նախագահը` որ վարչական ռեսուրս չպետք է գործադրվի: Այսպիսի վարքագծին պետք է դեմ կանգնեն նաեւ ընտրական հանձնաժողովները: Սակայն, ինչպես շատ բաներ մեր երկրում, այնպես նաեւ այս հարցը գերագույն գլխավոր հրամանատարի վարքագծից է կախված»:

Դաշնակցական պատգամավորը հույս հայտնեց, թե Սերժ Սարգսյանը հրապարակավ կերաշխավորի, որ մարտի 31-ի ընտրություններում վարչական լծակներ չեն օգտագործվի:

«Որպեսզի մեր հանրության ներկայացուցիչները կարողանան ընտրություն կատարել իրենց կամքին համապատասխան, եւ ոչ թե արտաքին ազդեցությամբ», - եզրափակեց Մինասյանը:

Պատգամավորի մտահոգության համար հիմք են հանդիսացել ընդդիմադիր մամուլի հրապարակումները, թե մայրաքաղաքի դպրոցների տնօրենները քաղաքապետարանից հրահանգ են ստացել ներկայացնել դպրոցների աշխատակիցների, նրանց ընտանիքների անդամների ու ազգականների ցուցակները, այսպես կոչված` 100 տոկոսանոց քվեներ ապահովելու նպատակով շրջանառվող թերթիկները:

Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «անհեթեթ» որակեց այդ մեղադրանքները. - «Պաշտոնապես նախ կոչ եմ արել, որ որեւէ մեկը նման բան չստորագրի, որովհետեւ դա հակաօրինական է եւ որեւէ կապ չունի Հանրապետական կուսակցության հետ: Ավելին` այդ մարդիկ, ովքեր իրականացնում են, սադրիչներ են: Իսկ բոլոր մեղադրանքների կապակցությամբ ասում եմ, որ դրանք իրականության հետ կապ չունեն, սովորական հակաքարոզչության տարրեր են»:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Անցյալ ընտրությունների փորձը ապացույցն է այն բանի, որ հենց այդ [վարչական լծակները օգտագործելու] նպատակով էլ այդ [ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված բազմաթիվ] պաշտոնյաները օգտագործվելու են»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG