Մատչելիության հղումներ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը այսօրվա դատական նիստում որոշեց «7-ի գործով» մեղադրվող 6 անձանց գործերը տարանջատել եւ առանձին վարույթներով քննության ուղարկել տարբեր դատարաններ:

Մասնավորապես, Սասուն Միքայելյանի մասով գործը ուղարկվելու է Կոտայքի մարզի դատարան, մյուսներինը քննվելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում, սակայն տարբեր դատավորների կողմից: Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործը քննելու է Մնացական Մարտիրոսյանը:

Առայժմ պարզ չէ, թե որ դատավորներն են քննելու մյուսների գործերը: Սա նշանակում է, որ ինչ-որ ժամանակ մյուսների մասով գործը կձգձգվի, որովհետեւ դատավորները դեռ պետք է ծանոթանան քրեական գործին, իսկ Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի քրեական գործը Շենգավիթի դատարանի շենքում լսելու է Մնացական Մարտիրոսյանը ապրիլի 8-ին:

Այսօր կայացած նիստում դատավորը նաեւ որոշեց փոխել առաջադրված մեղադրանքները: 300 հոդվածի 1-ին մասով` «պետական իշխանությունը յուրացնելու հատկանիշներով» մեղադրանքը ընդհանրապես հանվեց, իսկ 225 հոդվածի 3-րդ մասով մեղադրանքը` «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար փոխարինվեց 225 հոդվածի 1-ին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար», ինչը նախատեսում է 4-10 տարվա ազատարզկում:

Պահպանվեցին նաեւ Մյասնիկ Մալխասյանին առաջադրված «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ Սասուն Միքայելյանին առաջադրված` «ապօրինի կերպով զենք պահելու» մեղադրանքները:

Դատավորի կայացրած այս որոշումների արդյունքում քրեական գործից դուրս են մնում 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ զոհված եւ «7-ի գործով» տուժող ճանաչված 10 անձանց հարազատները:

«Չգիտենք ինչ է լինելու մեր վերջը, ո՞ւր դիմենք, ո՞ւր գնանք: Նոր քննություն կլինի՞, դա մեզ համար պարզ չէ», - «Ազատություն» ռադիոկայանին այս առիթով ասաց 10 զոհերից մեկի` Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:

«Բայց, մենք ունենք մեր նախաձեռնությունը, որ դիմելու ենք դատարան` 4 ոստիկաններին պատասխանատվության կանչելու: Հատուկ միջոցներ կիրառողներին` «Չերյոմուխա-7»-ի, որ օրենքի առաջ պատասխան տան»:

Մարտյան իրադարձությունների ժամանակ «Չերյոմուխա-7» կոչվող հատուկ միջոցից սպանվեցին երեք երիտասարդներ` 23-ամյա Տիգրան Խաչատրյանը, 29-ամյա Գոռ Քլոյանը եւ 35-ամյա Արմեն Ֆարմանյանը:

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին ներկայացված փորձագիտական եզրակացություններում նշվել է, որ քննչական մարմինների տրամադրության տակ եղած նյութերի հիման վրա հնարավոր չէ պարզել, թե մարտի 1-2-ի գիշերը հատուկ միջոցներ օգտագործած ոստիկանության ներքին զորքերի չորս զինծառայողներից կոնկրետ ո՞ւմ արձակած «Չերյոմուխա-7» տեսակի գազային փամփուշտներից են զոհվել վերոհիշյալ երեք անձինք:

Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը դատարանի որոշման կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Դատարանը կայացրեց մի որոշում, որը անակնկալ էր ե’ւ պաշտպանական կողմի համար, ե’ւ մեղադրող կողմի համար»:

Ալեքսանդր Արզումանյանի, Մյասնիկ Մալխասյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի խոսքով, նոր մեղադրանք են առաջադրում իրենց պաշտպանյալներին, որ «նախնական համաձայնությամբ զանգվածային անկարգություններ են կազմակերպել», իսկ դատարանը որոշում է կայացրել յուրաքանչյուրի մասը անջատել, առանձին մասերով լսել». - «Այդ դեպքում այս որոշումը կայացնելով հանդերձ, դատարանը ապացուցում է, որ նախնական համաձայնություն գոյություն չունի, որ այս ամբողջը արհեստածին է»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG