Մատչելիության հղումներ

Կայացավ Բարաք Օբամայի եւ Դմիտրի Մեդվեդեւի առաջին հանդիպումը


Այսօր Lոնդոնում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջին հանդիպումը:

Հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը ամերիկացի գործընկերոջը հրավիրել է այցելելու Մոսկվա: Օբաման ընդունել է հրավերը եւ Ռուսաստան կայցելի այս տարվա հուլիսին:

Սա երկու երկրների ներկայիս նախագահների առաջին հանդիպումն էր:

Հանդիպումից հետո Բարաք Օբաման հայտարարել է, թե Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը «մեծ առաջընթաց» արձանագրեցին:

Հանդիպման արդյունքում երկու գերտերությունների ղեկավարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:

Նախագահները համաձայնության են եկել, որ նոր բանակցություններ սկսվեն երկու երկրների միջուկային սպառազինությունները կրճատելու համար: 1991 թվականին ստորագրված գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերի սկզբին, եւ մինչ այդ նախատեսվում է ստորագրել նոր պայմանագիր, որով ավելի կկրճատվեն երկու միջուկային գերտերությունների սպառազինությունները:

Մեդվեդեւն ասել է, թե բանակցությունների ժամանակ ձգտելու են առաջընթացի հասնել նաեւ առկա այլ խնդիրների շուրջ:

Ռուսաստանի նախագահը լավատեսություն է արտահայտել ռուս - ամերիկյան կապերի ապագայի առնչությամբ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ Իրանին առնչվող խնդիրներ: ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները պաշտոնական Թեհրանին կոչ են արել համագործակցել ՄԱԿ-ի միջուկային դիտորդական առաքելության հետ ու հաստատել, որ իր միջուկային ծրագրերը խաղաղ բնույթ են կրում:

Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները Լոնդոնում մասնակցում են 20 զարգացած երկրների գագաթնաժողովին:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG