Մատչելիության հղումներ

Ադրբեջանը գազամատակարարման շուրջ բանակցում է ռուսական «Գազպրոմ»-ի հետ


Արդյո՞ք պաշտոնական Բաքուն համաձայնել է ադրբեջանական գազի ողջ ծավալը վաճառել Ռուսաստանին: Այս հարցը փորձագիտական շրջանակներին կրկին սկսեց հուզել այն բանից հետո, երբ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը այցելեց Մոսկվա եւ ռուսական «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրեց:

«Գազպրոմի» պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության համաձայն, Աբդուլաեւն ու Միլերը պայմանավորվել են բանակցություններ սկսել, որոնց վերջնական նպատակը 2010 թվականից սկսած արդբեջանական գազի առաքումն է Ռուսաստան: Կողմերը չեն հստակեցնում, թե գազի ինչ ծավալների մասին է խոսքը, բայց տեսակետ կա, որ Ադրբեջանը պատրաստվում է ընդունել 2008-ին ռուսական կողմից արված աղմկահարույց առաջարկը` արդյունահանած գազի ողջ ծավալը շուկայական գնով վաճառել «Գազպրոմ» ընկերությանը:

Էներգետիկ շուկաների ուսումնասիրության մոսկովյան կենտրոնի տնօրեն Տատյանա Միտրովան, այս առիթով «Ինտերֆաքսին» ասել է. - «Ադրբեջան - «Գազպրոմ» համաձայնագիրը կմեծացնի «Նաբուկոն» ընդհանրապես առանց վառելիքի թողնելու հավանականությունը»:

Ադրբեջանցի տնտեսագետ Նատիգ Ջաֆարլիի մեկնաբանությամբ. - «Ադրբեջանը կատարեց իր ընտրությունը: Կարող ենք ասել, որ Ռուսաստանի հետ կնքված գազային համաձայնագրով Ադրբեջանը խուսափում է «Նաբուկո» նախագծին գազ մատակարող պետության դերը ստանձնելուց»:

«Թուրան» գործակալության խմբագիր Իլհամ Շաբանն այս տեսակետը չի կիսում. «Կնքված հուշագրում խոսվում է գազի` 2010 թվականին մեկնարկող առաքումների մասին: Իսկ «Նաբուկոյի» համար գազի լուրջ ծավալներ կպահանջվեն 2014-2015 թվականներից սկսած, երբ սկսվի «Շահդենիզ» հանքավայրից գազի արտահանման երկրորդ փուլը: Սա նշանակում է, որ «Գազպրոմի» հետ կնքված հուշագրով նախատեսվում է արտահանել այնքան գազ, որ բավարար կլինի Ադրբեջանին սահմանակից Դաղստանի կարիքները հոգալու համար»:

«Նաբուկո» ծրագրից Ադրբեջանի դուրս գալու մասին լուրերը հերքում են նաեւ Բաքվի պաշտոնական աղբյուրները: Նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը մարտի 30-ին ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. - «Մենք շարունակում ենք բանակցել «Նաբուկոյի» մասնակից պետությունների ու կազմակերպությունների հետ եւ մեր հետաքրքրությունն այս ծրագրի հանդեպ չի նվազել»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG