Մատչելիության հղումներ

logo-print
Շարունակում է նվազել ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով Հայաստան մուտք գործող գումարների ծավալը: Հայաստանի Կենտրոնական բանկի` այսօր հրապարակած տեղեկությունների համաձայն, այս տարվա հունվա-փետրվար ամիսներին բանկային համակարգի միջոցով մասնավոր տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմել է 169 միլիոն դոլար, ինչը գրեթե 20 տոկոսով ցածր է 2008 թվականի նույն ժամանակահատվածում կատարված տրանսֆերտների ծավալից:

Բերված ցուցանիշը ներառում է ինչպես մասնավոր, այնպես էլ կոմերցիոն տրանսֆերտները: Ընդ որում, ոչ առեւտրային տրանսֆերտների ծավալը նվազել է ավելի քան 31 տոկոսով:

Հունվար-փետրվար ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3,7 տոկոսով, ըստ հրապարակված տվյալների, նվազել է նաեւ ՀՆԱ-ն: Կենտրոնական բանկը 2009-ի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 3 տոկոսանոց անկում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրկնակի նվազել է նաեւ ֆիզիկական անձանց կողմից երկրից դուրս փոխանցումների ծավալը` կազմելով 86 միլիոն դոլար:

«Ըստ էության այդ տրանսֆերտների չափը մի փոքր ավելի է, քան 2007 թվականի մեր տրանսֆերտները: Այսինքն` եթե մեզ թույլ տանք մի քիչ ոչ ճշգրիտ ձեւակերպումներ, մեր 2008 թվականի ձեռք բերած աճը տրանսֆերտների բնագավառում մենք ընդամենը կորցրել ենք: Բայց ոչ ավելին: Մենք վերադարձել ենք 2007 թվականի տրանսֆերտների մակարդակին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի խոսքով, 2009 թվականի ընթացքում տրանսֆերտների ծավալների 20 տոկոսանոց անկում էին կանխատեսում նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Այնինչ, դա զուտ մեխանիկական հաշվարկ է եւ չի ներառում «մարդկանց գրպաններում ծրարներով Հայաստան բերվող գումարները». - «Ծրարներով եկող գումարները սկսել էին նվազել անցած տարվանից, որի արդյունքում էր, որ մեր տնտեսության մեջ արդեն զգալի բացասական երեւույթներ նկատվեցին: Գաղտնիք չէ, որ այդ տրանսֆերտների որոշ մասը նաեւ ներդրումային նշանակություն ունի: Մասնավորապես, շինարարության զգալի անկումը անցած տարվա վերջին ամիսների ընթացքում պայմանավորված էր այդ կանխիկ, չարձանագրվող ֆինանսական հոսքերի նվազմամբ»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG