Մատչելիության հղումներ

Հայաստանում զգալիորեն նվազել են անշարժ գույքի գները


Անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող գործակալությունների տվյալներով, անշարժ գույքի գները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իջել են 30-40 տոկոսով: Գործարքների քանակը նվազել է, տարբեր գործակալությունների տվյալներով, նվազել է 50-90 տոկոսով: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, մինչդեռ, գործարքների քանակը նվազել է ընդամենը 20 տոկոսով:

«Վերջին 10-15 տարվա ընթացքում Հայաստանում անշարժ գույք ձեռք էին բերում հիմնականում դրսից: Այսօրվա դրությամբ, քանի որ դրսում ճգնաժամ է, մարդիկ նպատակահարմար չեն գտնում կամ այդքան գումար չունեն... Հայաստանում սփյուռքից` նաեւ Ռուսաստանից, քիչ են գնումներ կատարվում կամ գործնականում չեն կատարվում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «ԱՍ» անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Թորգոմ Հովհաննիսյանը:

Մեկ այլ գործակալության («Կենտրոն») տնօրեն Վահե Դանիելյանի կարծիքով, գործարքներ չկան, քանի որ մարդիկ չեն ուզում ցածր գներով վաճառել իրենց սեփականությունը, իսկ սեփականություն ձեռք բերել ցանկացողները մեծամասամբ վճարունակ չեն:

«Կասկադ-ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վարդան Այվազյանի խոսքով, ազատվել են նաեւ շատ կոմերցիոն տարածքներ, ինչը բերել է դրանց վարձակալության գների անկմանը` 30-40 տոկոսով:

Վարդան Այվազյանը կարծում է, որ անշարժ գույքի գները այս մակարդակի վրա կպահպանվեն մի քանի ամիս, իսկ հետո կսկսեն բարձրանալ: Այլ է Վահե Դանիելյանի կարծիքը` գները կշարունակեն իջնել, եւ աշնան վերջին մոտ 60 տոկոսի գնանկում կարձանագրվի:

«Շեն» գնահատման կենտրոնի տնօրեն Վահե Ավետիսյանի կարծիքով, այսօր շատ են պոտենցիալ գնորդները, ովքեր պարզապես սպասում են, որ գներն ավելի նվազեն: Իսկ երբ մարդիկ սկսեն գործարքներ կատարել, գները նորից կբարձրանան:

Հայաստանի կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները, մինչդեռ, զգալիորեն տարբերվում են անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչների տվյալներից:

Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ 2009 փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են ընդամենը 20 տոկոսով, իսկ գները` 6 տոկոսով:

«Փետրվար ամսին [2009 թվականի] գործարքների քանակը Երեւան քաղաքում հունվարի համեմատ աճել է 41 տոկոսով», - հավելեց Մուրադյանը:


Լիլիթ Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG