Մատչելիության հղումներ

«Ժողովրդավարությունը հետխորհրդային տարածքում բարեկամների ու աջակիցների կարիք ունի»


Ժողովրդավարությունը հետխորհրդային տարածքում բարեկամների ու աջակիցների կարիք ունի: Ամերիկյան վարչակազմին հղված նամակում այս մասին պնդում են Մոսկվայի Հելսինկյան ընկերակցության նախագահ, հայտնի իրավապաշտպան Lյուդմիլա Ալեքսեեւան եւ կովկասյան խնդիրներով զբաղվող ռուս փորձագետ Գրիգորի Շվեդովը:

«Վաշինգտոն փոստում» հրապարակված այս ուղերձում կարդում ենք.- «Խորհրդային Միության փլուզումից ի վեր ամերիկյան արտաքին քաղաքական կառույցը հետխորհրդային տարածքում այդպես էլ հաջողության չհասավ ո’չ ժողովրդավարության հաստատման, ո’չ էլ քաղաքացիական հասարակության ձեւավորման ճանապարհին: Ամերիկյան քաղաքականության այս ձախողումը շատերին ստիպում է մտածել ժողովրդավարացմանն ուղղված ջանքերին ընդհանրապես վերջ տալու մասին: Միակ ուղերձը, որ ամերիկյան բարեկամներին կարող են հղել ժողովրդավարության համար պայքարի առաջին գծում գտնվողները, հետեւյալն է` մի հանձնվեք», - գրում են ռուս իրավապաշտպանները:

«Ամերիկյան վարչակազմը չի կարողանում կտրուկ կերպով արձագանքել այն իրողությանը, որ նախկին խորհրդային հանրապետություններում վերջին շրջանում այլակարծությունն ու ժողովրդավարական ճանապարհով բողոքի գործողություններ իրականցնելու իրավունքը զիջում են իրենց դիրքերը», - պնդում են Lյուդմիլա Ալեքսեեւան ու Գրիգորի Շվեդովը:

«Մեկ տարի առաջ Հայաստանում 10 հոգի սպանվեց եւ հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին խաղաղ ցույցերի ընթացքում, եւ դրան հետեւած միակ դատական պրոցեսը ընդդիմության աջակիցների դատավարությունն էր: Ադրբեջանում այս տարեսկզբին դադարեցվեց «Ազատություն» ռադիոկայանի եւ «Ամերիկայի ձայնի» հեռարձակումը, Ռուսաստանում 90 տոկոսով կրճատվեց այն կազմակերպությունների ու հիմնադրամների ցանկը, որոնք կարող են ոչ կառավարական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրել: Հունվարի 19-ին Մոսկվայի կենտրոնում սպանվեցին իրավապաշտպան, փաստաբան Ստանիսլավ Մարկելովն ու երիտասարդ լրագրող Անաստասիա Բաբուրովան», - թվարկում են նամակի հեղինակները` հատուկ անդրադառնալով նաեւ Վրաստանում ստեղծված կացությանը. - «Այս երկրում ժողովրդավարության կտրուկ հետընթացը մեկնարկեց 2007-ի նոյեմբերյան բախումներից հետո: Այս իրադարձությունները Միացյալ Նահանգների կողմից գրեթե ոչ մի արձագանքի չարժանացան, ինչն էլ առիթ տվեց վրացական իշխանություններին` դիմել մի շարք քայլերի, որոնք ի վերջո հանգեցրին 2008-ի օգոստոսյան պատերազմին»:

Այս անբարենպաստ իրադարձությունների ֆոնին` Ալեքսեեւան եւ Շվեդովը Սպիտակ տանը կոչ ենք անում մի շարք քայլեր ձեռնարկել, որոնք նամակի հեղինակների համոզմամբ, հնարավորություն կտան նոր շունչ հաղորդել հետխորհրդային տարածքի ժողովրդավարական շարժումներին:

«Նախեւառաջ կոչ ենք անում ձեր ողջ ժամանակը չծախսել պաշտոնյաների հետ շփումների վրա: Անազատ պետությունների կառավարությունները այլ պետությունների հետ հարաբերությունները դարձնում են իրենց մենաշնորհը: Փոխարենը` կոչ ենք անում գործ ունենալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` որքան էլ նրանց դիրքերը թույլ չլինեն: Կոչ ենք անում նաեւ աշխատել չճանաչված հանրապետություններում գործող ոչ կառավարական կազմակերպությունների հետ», - նշում են ռուս իրավապաշտպանները:

Ալեքսեեւան եւ Շվեդովը ամերիկյան վարչակազմին նաեւ կոչ են անում լուրջ ուշադրություն դարձնել լրատվական դաշտում տիրող կացությանը, շարունակել «Ազատություն» ռադիոկայանի եւ «Ամերիկայի ձայնի» հեռարձակումները, քայլեր ձեռնարկել անկախ մամուլի, ինտերնետի զարգացման ուղղությամբ:

Ռուս իրավապաշտպաները նաեւ կոչ են անում ժողովրդավարացման խնդիրներով զբաղվող հատուկ գործակալություն ստեղծել եւ ամենակարեւորը` «չհուսահատվել, երբ այս բոլոր ջանքերը շուտափույթ արդյունքի չհանգեցնեն»:

Իրավապաշտպանների համոզմամբ, ամերիկյան վարչակազմը պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի երկարաժամկետ ռազմավարության մշակման վրա, որի հիմնական թիրախը պետք է լինի հասարակ մարդը:

«Ժողովրդավարությունը մեկ օրում չի ձեւավորվում», - նշում են Ալեքսեեւան եւ Շվեդովը` իրենց նամակն ամփոփելով հետեւյալ կերպ. - «Չի կարելի մարդկանց, ովքեր ցանկանում են ազատորեն արտահայտել իրենց կարծիքը` թողնել ոչ լեգիտիմ առաջնորդների քմահաճույքին»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG