Մատչելիության հղումներ

Գյումրիում քրեական գործ է հարուցվել եկեղեցապատկան հողերի վաճառքի առթիվ


Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության, շինարարության եւ անշարժ գույքի կադաստրի բաժնի պետի տեղակալ Հենրիկ Գասպարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականություն հանդիսացող հողամասի մի մասը որպես համայնքային սեփականություն վաճառելու համար:

Դատախազության տարածած մամուլի հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է, որ Հայ Առաքելյական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ Շիրակի մարզի դատախազություն ներկայացրած դիմումում մատնանշված հանգամանքների ստուգմամբ պարզվել է, որ Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության, շինարարության եւ անշարժ գույքի կադաստրի բաժնի պետի տեղակալ Հենրիկ Գասպարյանը, իր պաշտոնեական դիրքը չարաշահելով, աճուրդի է հանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականություն հանդիսացող Գյումրու Օզանյան փողոցի 1-ին հասցեի 0,81 հեկտար հողամասից 116 քմ տարածք: Աճուրդի արդյունքում հողամասը գնել է Գյումրու քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանի որդին՝ Գեւորգ Մանուկյանը:

Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Երբ հողատարածքը աճուրդի է դրվել, դա մեզ մոտ արձանագրված է եղել որպես ազատ տարածք»:

Գյումրիում աշնանը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ծայրաստիճան լարվել էին հարաբերությունները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջեւ: Պատճառը` Շիրակի թեմի առաջնորդի բացահայտումներն էին այն մասին, որ քաղաքապետարանը «եկեղեցապատկան հողեր է յուրացրել»:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

(Լուսանկարում` խնդրո առարկա հողատարածքի վրա կառուցվող շինությունը, որը պատկանում է Գեւորգ Մանուկյանին)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG