Մատչելիության հղումներ

Ռազմիկ Զոհրաբյան. «Գործընթացը տանում է կալանավորվածների որոշ մասի ազատ արձակմանը»


Իշխող Հանրապետական կուսակցության փոխանախագահ Ռազմիկ Զոհրաբյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ Վալենսիայում մեկնարկած Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի նիստում կարձանագրվի, որ, ընդհանուր առմամբ, հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորվածների որոշ մասը ազատ է արձակվել, եւ «գործընթացը տանում է դրան»:

«Հիմա շատ կարեւոր է այդ երկու հոդվածների` 300 եւ 225, մասերի տարանջատումը եւ որոշ բաների ավելացումը: Պետք է որ արդյունք տա», - ասաց Զոհրաբյանը` փաստարկելով. - «Որովհետեւ այնտեղ կան մարդիկ, որ կոչեր են արել ընդամենը (իշխանափոխության, հեղաշրջման): Դա որակվում է տուգանքներից մինչեւ 2-3 ամիս, ամենաշատը` մինչեւ 3 տարի»:

Իշխող կուսակցության փոխնախագահը նաեւ զգուշավոր լավատեսություն հայտնեց «7-ի գործով» անցնող 3 պատգամավորներին` Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Հակոբ Հակոբյանին, ազատ արձակելու հարցում. - «Առաջինը ես կուզենայի, որ նրանք ազատ լինեին: Ոչ միայն պատգամավորական անձեռնմխելիությունը վերականգնելու առումով... Այն ժամկետը, որ նրանք անցկացրել են բանտում, արդեն մեկ տարուց ավելի է, եւ, կարծում եմ, որ այն հոդվածներով, որ իրենց կարող են մեղադրել` փոփոխություններով ներառված, կարող են նրանց անցկացրած պատժաժամկետով բավարարվել... Բայց ես ասում եմ` հնարավոր է: Այնպես չլինի, որ Զոհրաբյանը ասաց, թե վաղը բաց են թողնում: Ես դրանից տեղյակ չեմ. դա դատախազությունը եւ դատարանն է որոշում»:

ԵԽԽՎ-ում Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե «Հայաստանը 100 տոկոսով կատարել է իր պարտավորությունները Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածները բարեփոխելու ուղղությամբ»: Այս տեսակետը կիսում է նաեւ դաշնակցական պատգամավոր Արտուշ Շահբազյանը:

«Հայաստանը այն պարտավորությունները, որ ստանձնել էր կոնկրետ այս հոդվածների հետ կապված, կատարել է, եւ օրենքի այս հոդվածների բարեփոխված տարբերակը նաեւ փորձաքննություն է անցել: Ես կարծում եմ, որ Մոնիտորինգի հանձնաժողովը դրական գնահատական կտա աշխատանքին եւ այդ եզրակացությունը կներկայացվի ապրիլ ամսին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին», - նշեց Շահբազյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խուսափեց կանխատեսումներ անել Մոնիտորինգի հանձնաժողովի հնարավոր որոշումների վերաբերյալ` շեշտելով, թե ԵԽՎՎ-ի ձմեռային նստաշրջանից առաջ Հայաստանի իշխանությունները եւ Եվրախորհուրդը գործարքի մեջ մտան:

«Մենք համարում ենք, որ քաղբանտարկյալների ազատման համար պատասխանատվությունը ամբողջովին դրված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի վրա, քանի որ, հավատալով իշխանությունների երաշխիքներին, նրանք այդ պատասխանատվությունը վերցրել են իրենց վրա», - նշեց Կոնգրեսի ներկայացուցիչը:

Ամեն դեպքում, ըստ Լեւոն Զուրաբյանի, Հայ ազգային կոնգրեսը գրավոր կերպով ներկայացրել է իրավիճակը ԵԽԽՎ-ի մարմիններին, այդ թվում` նաեւ համազեկուցողներին:

«Փաստորեն իրավական գործիքներից որեւէ մեկը չի կատարվել: Այսօր մենք ունենք 55 քաղբանտարկյալ նորից նստած բանտերում: Հիմա թող Խորհրդարանական վեհաժողովը որոշի ինչքանով է ադեկվատ եղել իր պահվածքը», - նշեց Հայ ազգային կոնգրեսի համակարգողը:

Մոնիտորինգի հանձնաժողովից առանձնակի սպասելիքներ չունի նաեւ Ազգային ժողովում միակ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը: Խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի խոսքով. - «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում իրականացվող քայլերը այլ լույսի ներքո են նայվում Եվրախորհրդում, կարծում եմ` քիչ հավանական է ձայնի իրավունքից զրկելը: Գնահատականները չեն համապատասխանի երկրում ներկայումս եղած իրավիճակին»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG