Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսի նկատառումները գրավոր կերպով ներկայացվել են ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովին


Իսպանիայի Վալենսիա քաղաքում այսօր մեկնարկում է Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է Հայաստանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ-ի ընդունած 1643 բանաձեւի կատարման ընթացքը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խուսափեց կանխատեսումներ անել Մոնիտորինգի հանձնաժողովի հնարավոր որոշումների վերաբերյալ:

«Ես կարող եմ միայն ասել, որ մենք համապատասխան կերպով ներկայացրել ենք իրավիճակը ԵԽԽՎ-ի մարմիններին, այդ թվում նաեւ համազեկուցողներին: Մենք բարձրացնում ենք մի քանի հարց: Նախ եւ առաջ, փաստորեն, օրենքի փոփոխություններից հետո [Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների], հակառակ բոլոր պնդումների եւ հավաստիացումների, քաղբանտարկյալները շարունակում են մնալ բանտում. նկատի ունեմ «7-ի գործը»: Երկրորդը, որ փաստորեն չի կիրառվում ժամանակից շուտ բանտարկյալներին ազատելու մեխանիզմը, եւ երրորդը, նույն ԵԽԽՎ-ի որոշումների համաձայն, բոլոր այն մարդիկ, որոնք դատապարտված էին բացառապես ոստիկանական ցուցմունքների հիման վրա պետք է ազատվեին», - նշեց Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի կարծիքով, ԵԽԽՎ-ի մի շարք պահանջներ չեն կատարվել, եւ Կոնգրեսը այս առիթով իր նկատառումները գրավոր կերպով ներկայացրել է Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմիններին:

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին կմասնակցի նաեւ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունում ներկայացված միակ ընդդիմադիր գործիչը` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք կան որոշակի պայմանավորվածություններ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» ներկայացուցչի միջեւ` ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովին ընդդիմության անունից ներկայացվելիք հարցերի վերաբերյալ, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Ցավոք սրտի, նա չի դիմել Հայ ազգային կոնգրեսին համապատասխան տեղեկություն կամ օժանդակող նյութեր ստանալու համար, որը նրան կզիներ այդ Մոնիտորինգային հանձնաժողովի նիստի աշխատանքների համար»:

Հունվարի 27-ին ընդունված ԵԽԽՎ 1643 բանաձեւով որոշվել էր «չկասեցնել հայաստանյան խորհրդարանական առաքելության քվեարկության իրավունքը Վեհաժողովում»: Միեւնույն ժամանակ նշվում էր, որ Վեհաժողովը շարունակում է «անբավարարված մնալ եւ լրջորեն անհանգստացած է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված անձանց ազատազրկման փաստով, ովքեր, հնարավոր է, որ դատապարտվել եւ ազատազրկվել են քաղաքական շարժառիթներով»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG