Մատչելիության հղումներ

logo-print

Տրանսպորտի նախարարը կոչ է անում բոլոր տաքսու վարորդներին անցնել հարկային դաշտ


Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց, որ ապրիլի 6-ից նախատեսվում են հարկային մարմինների, ճանապարհային ոստիկանության եւ տրանսպորտային տեսչության ներկայացուցիչների համատեղ ստուգայցեր` կապված տաքսի ծառայությունների եւ անհատ տաքսիների գործունեության հետ: Նախարարը կոչ է անում ոլորտի տնտեսավարողներին անցնել հարկային դաշտ` ձեռք բերելով համապատասխան լիցենզիա:

Սարգսյանը վստահեցնում է, թե լիցենզիան հնարավոր կլինի ձեռք բերել առանց բյուրոկրատական քաշքշուկների 7-10 օրվա ընթացքում: Նախարարության տվյալներով, այսօր արդեն կան օրինական դաշտում գործող մոտ 6500 տաքսիներ. Մոտավոր հաշվարկներով` եւս 6500-ը շահագործվում են ստվերային դաշտում:

Անցած մեկ տարվա ընթացքում անհատ տաքսիների վարորդների բողոքի ակցիաների եւ իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում, անհատ տաքսիների վարորդների համար սահմանվեց 25 հազար դրամ պետական տուրք` 200.000-ի փոխարեն, որը պետք է վճարեն մեծ թվով ավտոմեքենաներ ունեցող տաքսի ծառայությունները:

«Խնդրանք կար այդ 25 հազար տուրքի վճարումը նույնպես տարաժամկետել եւ վճարել 5-6 ամսվա ընթացքում: Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները գտան նաեւ այդ խնդրի լուծումը, եւ անհատ տաքսիստները, լիցենզիա ստանալիս, նաեւ հնարավորություն կունենան պետական տուրքի վճարումն իրականացնել ոչ թե անմիջապես, այլ որոշակի ժամկետի ընթացքում` կես տարի կամ մի տարի հետո»:

Սակաչափիչների մասով եւս քննարկումներ են եղել ոչ միայն ներկրող, այլեւ Հայաստանում դրանք արտադրող կազմակերպության հետ:

«Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ այդ տաքսի ծառայություններ մատուցող անհատները այդ սակաչափիչները կարող են ձեռք բերել այդ կազմակերպություններից առանց նախնական որեւէ վճարների, եւ մեկ տարվա ընթացքում ապառիկ կարգով կմարեն ամբողջ սակաչափիչի արժեքը», - ասաց նախարարը:

Վարորդները նաեւ դժգոհություն էին հայտնել դեղին պետհամարանիշների պարտադրման առնչությամբ` պատճառաբանելով, թե դրանցով հնարավոր չի լինի մեկնել Վրաստան: Ըստ Գուրգեն Սարգսյանի, այս հարցը եւս մոտ ապագայում լուծում կստանա, քանի որ վրացական կողմի հետ տարվում են համապատասխան աշխատանքներ:

Անհատ տաքսիների վարորդներին հուզող ոչ պակաս կարեւոր հարցերից մեկի` ավտոմեքենաների տարիքի վերաբերյալ պաշտոնյան ասաց հետեւյալը. - «Հաշվի առնելով այս անցումային գործընթացները, որոշակի միտում կա մեր կողմից հաշվառում իրականացնել, հասկանալ` ինչ քանակի մեքենաների մասին է խոսքը: Այսօր, նախնական տվյալներով, մի շարք հաշվարկների համաձայն, դրանք մոտ են հազարին: Եվ այդ վարորդների կողմից, ում հետ մենք հանդիպել ենք, խնդրանք է եղել` որոշ ժամանակով երկարաձգել այդ տասը տարուց ավելի մեքենաների շահագործման ժամկետը: Այդ հարցը մենք մոտ ապագայում քննարկելու ենք: Եվ, հաշվառումն իրականացնելուց հետո, նաեւ կգտնենք ուղին` ինչպես այդ հարցը լուծել»:

Նախարարը, սակայն հավելեց, որ հարցի լուծումը ժամանակավոր է լինելու, քանի որ իրենց պահանջն է, որ հանրությանը սպասարկող ավտոմեքենաները լինեն թարմ:

Բացի այդ, ինչպես պաշտոնյաները խորհուրդ էին տալիս քաղաքացիներին պահանջել ՀԴՄ կտրոնները կամ զերծ մնալ թանկացված ապրանքը գնելուց, այնպես էլ Գուրգեն Սարգսյանը հորդորում է քաղաքացիներին օգտվել միայն օրինական տաքսիներից:

Տրանսպորտային տեսչությունը` ճանապարհային ոստիկանության օգնությամբ հանրապետության տարբեր քաղաքներում կանգնեցնում եւ որոշ դեպքերում տուգանում էին սպիտակ համարանիշներով տաքսիների վարորդներին:

Ըստ տրասնպորտի եւ կապի նախարարի, այդ միջոցառումը շարունակական բնույթ է կրում. - «Առաջին 20 օրվա ընթացքում գանձվել էր մոտ 2 միլիոն դրամ տուգանք»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG