Մատչելիության հղումներ

Արծվիկ Մինասյանը «անբավարար» է գնահատում նախաքննական մարմնի գործողությունները


Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, նախաքննությունն իրականացնող մարմինը «բավարար աշխատանք» չի կատարել 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ:

«Իմ սուբյեկտիվ գնահատականը նա է, որ այս պահի դրությամբ, նախաքննական մարմինը իսկապես բավարար հաջողության չի հասել այդ ուղղությամբ: Եվ կարծում եմ, որ հարկավոր է ուժեղացնել այդ ուղղությամբ գործողությունները, քայլերը, որպեսզի դրական կամ բավարար արդյունքի հասնեն: Այս պահի դրությամբ, ես գնահատում եմ այդ գործողությունները անբավարար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Արծվիկ Մինասյանը:

Երեք օր առաջ` մարտի 24-ին Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը լսել էր անցյալ տարի մարտի 1-ին զոհված տասն անձանցից մեկի` Տիգրան Խաչատրյանի ծնողներին: Քրեական գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված Ալլա Հովհաննիսյանը` Տիգրանի մայրը, լրացուցիչ փաստարկներ էր ներկայացրել իր որդու սպանության վերաբերյալ, մասնավորապես, որ Խաչատրյանը, ըստ դատաբժշկական եզրակացության, մինչեւ զոհվելը ստացել էր «ոչ կյանքին վտանգավոր մարմնական վնասվածքներ»:

Նախաքննությամբ ձեռք բերած տվյալներով, Տիգրան Խաչատրյանը, ըստ ամենայնի, զոհվել է մարտի 1-ին 20.30-ի սահմաններում: Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, Տիգրանի ծնողները ներկայացրել էին իրենց որդու բջջային հեռախոսը, որով Տիգրանը նկարահանումներ էր կատարել, եւ տեսագրված նյութի վրա ֆիքսված է 21:15 րոպեն: Ըստ փաստաթղթերի, Տիգրան Խաչատրյանին դիահերձարան են տարել 21.45-ի սահմաններում:

Ժամկետների այս տարբերությունը որոշակի հարցեր է առաջացնում:
Տիգրանի մայրը «Ազատություն» ռադիոկայանին մի քանի օր առաջ տված հարցազրույցում հույս էր հայտնել, որ իրենց ներկայացրած փաստարկները կարժանանան ժամանակավոր հանձնաժողովի ուշադրությանը:

Այսօր ժամանակավոր հանձնաժողովի երեք անդամները հանդիպել էին Հատուկ քննչական ծառայության քննիչ Գորիկ Հովակիմյանի հետ, ում ներկայացրել են թե’ Տիգրան Խաչատրյանի ծնողների եւ թե’ ժամանակավոր հանձնաժողովի անդամների մտահոգությունները` կապված մահվան հանգամանքների ու ժամերի տարբերության հետ:

«Այդ մտահոգությունները, ինչպես պարզվեց, տեղին էին, որովհետեւ նաեւ իրենք չունեն դեռեւս որեւէ բացատրություն այս մասին: Միակ բացատրությունը, թերեւս, այն է, որ իրենք գործի քննության ընթացքում նշել են, որ [ժամը] 22-ի սահմաններում է Տիգրանի անշնչացած մարմինը հայտնաբերվել եւ այն էլ` շտապօգնության մեքենայի կողմից»:

Հանձնաժողովի անդամներն իրենց, ինչպես նաեւ Տիգրանի ծանողներին մտահոգող մի քանի հարցեր են ուղղել քննիչին, որոնք վերաբերում էին թե’ ժամերի տարբերությանը եւ թե’ այն հանգամանքին, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Տիգրանը մահից առաջ բութ գործիքի հարվածներից վնասվածքներ է ստացել:

«Քննիչը այստեղ չուներ որեւէ բացատրություն», - ասաց Մինասյանը: - «Ըստ էության, մենք եզրակացնում ենք, որ այս ենթադրությունը ապրելու իրավունք ունի, եւ այս ենթադրությունը կամ կասկածը, որ Տիգրանը ենթարկվել է ֆիզիկական բռնության, դեռեւս փարատելու անհրաժեշտություն կա»:

Մինասյանի խոսքով, կան նաեւ ականատես վկա ոստիկաններ, ովքեր ներկա են եղել, երբ Տիգրանի դին տեղափոխել են շտապօգնության մեքենա. - «Եվ այդ ոստիկաններին հայտնաբերելու ուղղությամբ նույնպես պետք է կոնկրետ քայլեր արվեն... Այս պահի դրությամբ, ըստ քննիչի, անձը չպարզված ոստիկաններ են»:

Ուստի Ժամանակավոր հանձնաժողովը դիմելու է ոստիկանությանը` ծառայողական քննություն իրականացնելու խնդրանքով, որպեսզի պարզեն այդ ոստիկանների ինքնությունը: Մեկ այլ գրություն էլ պետք է ուղարկեն շտապօգնության ծառայություն: Խնդիրն այն է, որ քրեական գործում կա նաեւ շտապօգնության աշխատողների արձանագրությունը Տիգրանի մահվան մասին:

«Իսկ դա նշանակում է, որ առնվազն այդ պահին որոշակի գործողություններ պետք է կատարվեր, մինչդեռ, ըստ մեզ տրված պարզաբանման, այդպիսի փաստ չկա», - ասաց Արծվիկ Մինասյանը:

Մտահոգող մի շարք հարցերի պատասխանը, թերեւս, կտա Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, ում, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհրավիրեն ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային նիստին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG