Մատչելիության հղումներ

logo-print

Դեմոկրատ սենատորը վերապահում ունի փոխպետքարտուղարի պաշտոնում առաջադրված թեկնածության առնչությամբ


ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալի պաշտոնում նախագահ Բարաք Օբաման Դենիել Ֆրիդի փոխարեն առաջադրել է Ֆիլիպ Գորդոնի թեկնածությունը: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նրա հաստատման հարցով լսումներ են ընթանում, որոնց ժամանակ
դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը վերապահում է հայտնել Հայոց ցեղասպանության հարցում Գորդոնի կեցվածքի առնչությամբ:

Ֆիլիպ Գորդոնը Վաշինգտոնի Բրուքինգսի հաստատությունում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գծով ավագ գիտաշխատող է եւ բազմաթիվ հրապարակումներ ունի, որոնցում կարեւորում է Թուրքիայի դերն ու կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:

Մենենդեսը մեջբերումներ է արել 2007 թվականին Գորդոնի հրապարակած հոդվածից, որտեղ նա գրել էր, որ Իրաքյան պատերազմի, քրդական հարցի պատճառով Թուրքիայի հետ լարված հարաբերությունների պայմաններում Ներկայացուցիչների պալատում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչմանը ուղղված քայլերը էլ ավելի են լարում իրավիճակը:

Սենատում լսումների ժամանակ Մենենդեսը մտահոգություն է հայտնել, որ որեւէ օտարերկրյա պետություն կարող է վետոյի ենթարկել Միացյալ Նահանգների ներքին քաղաքականությանը, ամերիկյան Կոնգրեսին առնչվող հարցեր, եւ որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները կարող են նպաստել դրան:

Գորդոնը հակադարձել է, թե հիշյալ հոդվածում պարզապես վերլուծել էր Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման ակնկալվող հետեւանքները, մասնավորապես` ազգայնական խմորումները Թուրքիայում, եւ պնդել է, թե իր կանխատեսումները ճշգրիտ էին:

«Դուք ասում եք, որ հավասարակշռության կարիք կա, եւ ես լիովին համաձայն եմ: Ես լիովին համամիտ եմ, որ Միացյալ Նահանգները, Կոնգրեսը, քաղաքացիները, ներառյալ` Թուրքիայի, պետք է ճանաչեն տեղի ունեցած այդ ահավոր ողբերգությունը, որ ավելի քան մեկեւկես միլիոն մարդիկ տեղահանվել են ու կոտորածի ենթարկվել: Մարդիկ պետք է ճանաչեն դա եւ հարգեն ողբերգության զոհերի հիշատակը: Եվ այսպիսի հավասարակշռությունը անհրաժեշտ է, ինչպես ասացի, ոչ միայն այստեղ, այլեւ Թուրքիայում», - մասնավորապես, հայտարարել է Ֆիլիպ Գորդոնը:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, մեկնաբանելով Սենատի լսումները, ընդգծել է, որ նախագահ Օբաման, փոխնախագահ Ջո Բայդենը, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հստակ ներկայացրել են իրենց դիրքորոշումը հօգուտ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերահաստատման: Նրա խոսքերով` Ամերիկայի հայկական համագումարը ակնկալում է, որ Ֆիլիպ Գորդոնը հաստատվելու դեպքում «ամբողջովին կհամապատասխանի մարդու իրավունքների ոլորտում քաղաքականությանը առնչվող այդ կարեւոր պաշտոնին»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

(Lուսանկարում` Ռոբերտ Մենենդես)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG