Մատչելիության հղումներ

Փոփոխություններ են կատարվել բյուջեի եռամսյակային համամասնություններում


Կոտայքի մարզում այսօր անցկացված կառավարության արտագնա նիստում որոշում է ընդունվել 2009 թվականի ծախսերի եռամսյակային համամասնություններում կատարել փոփոխություններ եւ 1-ին, 2-րդ եւ 3-րդ եռամսյակներում նախատեսված բյուջեի ծախսային մասից 4-րդ եռամսյակ տեղափոխել շուրջ 131 միլիարդ դրամ:

«Հաշվի առնելով այսօրվա դժվարությունները պետական բյուջե հարկերի մուտք լինելու կտրվածքով, կառավարությունը ժամանակավորապես 1-ին, 2-րդ, 3-րդ եռամսյակի ծախսերը տեղաշարժել է 4-րդ եռամսյակ», - ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` հավելելով, որ նպատակը պարտքային պարտավորություններ չկուտակելն է:

Եթե եկամտային մասը համապատասխանի 2009 թվականի պետբյուջեով նախատեսված եկամտային մասին, ապա կառավարությունը կսկսի կատարել ժամանակավորապես կասեցված ծախսային մասը:

«Սա ավելի ճկուն կառավարման ձեւ է, քան սեկվեստրը», - վստահեցնում է ֆինանսների փոխնախարարը: - «Սա հնարավորություն է տալիս երկու խնդիր լուծել` ծախսել այնքան, ինչքան գումարներ ունենք, այլ խոսքով` չկուտակել պարտավորություններ»:

Փոխնախարարն ասաց, որ չնայած ծախսերի տեղաշարժին, ամեն ինչ կախված է ստացվելիք եկամուտներից. - «Մենք 131 միլիարդ ենք տեղաշարժել: Եթե այդ սցենարից վատ սցենար ստացվի, առաջին հերթին կառավարությունը ոչ թե միանգամից ծախսեր կտեղաշարժի, այլ կառավարությունը այսօր միջոցներ է ձեռնարկում նաեւ վարկեր ներգրավելու ուղղությամբ, որոնք տարբերությունը կկոմպենսացնեն: Իսկ եթե դրանք էլ չբավարարեն, բնական է, որ կարող է որոշակի ծախսեր էլի տեղաշարժվեն»:

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց մի որոշման նախագիծ, որով ամրագրում է, որ 2010 թվականի բյուջեն կազմելիս, չկազմվեն եռամյա միջնաժամկետ ծախսային ծրագրերը:

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ենթադրեց, որ հարց կհնչի, թե այդ դեպքում ինչի՞ հիման վրա է կազմվելու 2010 թվականի բյուջեն ու պատասխանեց. - «2010 թվականի պետական բյուջեի հիմքում կդրվի 2009-2011 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը»:

Ֆինանսների փոխնախարարը հավաստիացրեց նաեւ, որ օրենսդիր, գործադիր եւ դատական մարմիններում կրճատվել են 2009 թվականի այն բոլոր ավելացումները, որոնք կապված են գրասենյակային ապրանքների ձեռբերման հետ, 1-ին 2-րդ եւ 3-րդ եռամսյակներում բացառվել են ավտոմեքենաների եւ գույքի ձեռքբերումները:

Կոտայքի մարզում ընթացող կառավարության այսօրվա արտագնա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հարկ համարեց անդրադառնալ «Բջնի» հանքային ջրերի գործարանի ճակատագրին:

«Մենք գիտենք, որ մարզում մտահոգություն կա «Բջնի» գործարանի ապագայի նկատմամբ: Մասնավորապես, լուրեր էին պտտվում, թե գործարանը մասնատվելու է եւ այլն: Ես ուզում եմ փարատել այդ մտավախությունները, մտահոգությունները` այդպիսի բան չի լինելու, գործարանը ամբողջական ձեւով աշխատելու է, եւ այն դատական գործընթացները, որ այսօր ընթանում են, ամենեւին էլ չեն ենթադրում, որ գործարանը մաս-մաս պետք է վաճառվի»:

Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե հետեւելու են, որ հնարավորինս շուտ ավարտվի գործընթացը եւ գործարանը աշխատի որպես ամբողջական համալիր: Վարչապետի խոսքով, կան նաեւ մոտեցումներ, որոնք կնպաստեն աշխատատեղերի ավելացմանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG