Մատչելիության հղումներ

logo-print

Կալանավորված պատգամավորները պահանջում են վերանայել իրենց անձեռնմխելիությունից զրկելու մասին ԱԺ որոշումը


Ազգային ժողովի պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանը պատրաստել են դիմում, որով պահանջում են խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել եւ վերանայել Ազգային ժողովի 2008 թվականի մարտի 4-ի որոշումը իրենց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:

«7-ի գործով» մեղադրվող եւ ներկայումս անազատության մեջ գնտվող պատգամավորների դիմումի առիթը Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում կատարված եւ մարտի 23-ին ուժի մեջ մտած փոփոխություններն են:

«Ազգային ժողովի պատգամավորները` մեր պաշտպանյալները, դիմում են հղել Ազգային ժողովի պատգամավորներին եւ նախագահին` Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նրանք հրատապ նիստ հրավիրեն` օրակարգում դնելով իրենց անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ որոշումը, քանի որ արդեն իրողություն է, որ այն օրենքները, որոնց հիման վրա նրանք անազատության մեջ են գտնվել, վերացել են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փաստաբան Հովիկ Արսենյանը:

Նա պնդեց, որ նշված փոփոխություններից հետո պատգամավորներին անազատության մեջ պահելը հակասում է օրենքին. - «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, երբ արտահերթ նիստում միջնորդություն ներկայացրեց Ազգային ժողովին, հիմնավորումներ էր բերել, թե ինչու պետք է անձեռնմխելիությունից զրկեն եւ կալանավորեն պատգամավորներին, որոշակիորեն մատնանշել էր, որ նրանց գործողություններում առկա են եղել 225 հոդվածի 3-րդ եւ 300 հոդված 1-ին մասերի հատկանիշներ: Այս հոդվածներով էր, որ Ազգային ժողովը տվել էր իր համաձայնությունը: Հիմա դրանք վերացել են, եւ որեւէ խոչընդոտ չկա, որ այդ անձանց անհապաղ ազատ արձակեն»:

Քրեական օրենսգրքի նշված հոդվածների փոփոխության կապակցությամբ` մեղադրանքի վերաորակման միջնորդությամբ, «7-ի գործով» դատավարությունը հետաձգվել է մինչեւ ապրիլի 1-ը:


Անուշ Մարտիրոսյան

(Լուսանկարում` Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG